ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽ-ն առաջարկում է կիրառել այլընտրանքային պատժատեսակներ
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ Քրեական օրենսգիրքը և ներկայացրել համապատասխան վերլուծություն. մի շարք պատժատեսակների համար առաջարկվում է այլընտրանքային պատիժների կիրառումը:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ի պատասխան պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ներդրվելու են արդյոք Հայաստանում այլընտրանքային պատժի կրման ձևերը:
Նախարարի տեղեկացմամբ` ԵԽ-ի կողմից առաջարկած այլընտրանքային, ազատազրկման հետ չկապված նոր պատժատեսակներից են պրոբացիան և բնակարանից չբացակայելը:
«Պրոբացիա կոչվածի էությունն այն է, որ պետությունը պատիժը կրելուց հետո իր վրա վերցնի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են վերամասնագիտացումը, անհատին աշխատանքի տեղավորումը և այլն»,- ասել է Հ.Թովմասյանը:
Նախարարի խոսքով` շատ հաճախ պատժից հետո ընկած ժամանակահատվածում պատիժը կրած անձը մոռացվում է, սակայն նրա հետ աշխատանք տանելու անհրաժեշտություն կա: Ներկայացնելով կոնկրետ օրինակներ` Հ. Թովմասյանը նշել է, որ այս տարի մոտ 40 հոգու նկատմամբ նշանակվել է պատժի չկրած մասը այլ` ավելի մեղմ պատժով փոխարինում:
«Նրանք զբաղված էին հանրային աշխատանքներով, հիմնականում Երևանի կանաչապատման աշխատանքներով, և բավականին գոհացուցիչ արդյունքներ ունենք»,- ասել է արդարադատության նախարարը` շեշտելով, որ որոշակի աշխատանք պետք է տարվի նաև հասարակական ընկալումների փոփոխության առումով, քանի որ հասարկական ընկալման մեջ ազատազրկումից տարբերվող ցանկացած պատիժ մեկնաբանվում է այն կերպ, թե տվյալ անձն իրականում խուսափել է պատժից:
Խոսելով ժամկետների մասին` նախարարը նշել է, որ սա այն ոլորտն է, որտեղ արագ փոփոխություններ կատարելը բարդություններ է պարունակում:
«Թերևս օրենսդրական փոփոխություններից հետո` եկող տարվա կեսերին, կարող ենք տեսնել որոշակի արդյունքներ` կապված այլընտրանքային պատիժների և դրանց օգտակարության հետ»,- նշել է Հ.Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ' 4500 դատապարտյալների մեջ ընդամենը 200-ն են, որ ունեն մասնագիտություն: Առաջին անգամ այս տարի 12 հոգի ստացել են խոհարարի և 10 հոգի' վարսավիրի համապատասխան մասնագիտացում:
