ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանները պահանջում են դադարեցնել Թռչկան ջրվեժի վրա ՀԷԿ–ի կառուցումը

Սեպտեմբերի 8-ին բնապահպան ակտիվիստները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին ի պաշտպանություն Թռչկան ջրվեժի:
Թռչկան ջրվեժի վրա, որը գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտ և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում, կառուցվում է ՀԷԿ, որը սպառնում է թե՛ ջրվեժի գոյությանը, և թե՛ տեղանքի էկոհամակարգին:
«Աննախադեպ գեղեցկությամբ այս ջրվեժը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման դեպքում կարող է Հայաստանի սիրված զբոսաշրջային այցելավայրերից դառնալ' էլ ավելի գրավիչ դարձնելով երկիրը արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած երկրի համար անթույլատրելի է զբոսաշրջային նման ռեսուրսի անմիտ մսխումը,-ասվում է «Բնատաճար» ՀԿ-ի հիմադիր և համակարգող Ապրես Զոհրաբյանի նամակում,-խիստ կասկածելի է թվում նաև ՀԷԿ-ի կառուցման հետևանքով բնությանը հասցնելիք վնասի օրենքով թույլատրվելիք նորմերի պահպանումը»:
Նշենք, որ ըստ ecolur.org կայքի' Մեծ Պարնի գյուղի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հսկայական հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը և ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանիը: Այդ հողատարածքներում ներգրավված է եղել նաև Թռչկանի ջրվեժը: Կայքի մեկ այլ հոդվածում նշված է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել էր տեսչական ուսումնասիրություն անցկացնել խնդրի առթիվ և իրեն զեկուցել փորձաքննության արդյունքը։ Սակայն, ըստ հետաքննության արդյունքների' շինարարություն իրականացնելու համար առկա են բոլոր օրինական փաստաթղթերը, այսինքն' «շինարարությունն օրինական» է:
Բնապահպանները բողոքի ակցիայով պահանջում են դադարեցնել շինարարական աշխատանքները մինչև խնդրի բաց, թափանցիկ և բազմակողմանի քննարկումներից և օրենքից բխող որոշման հանգելը։
Նշենք, որ մինչ ցուցարարները վերոնշյալ պահանջներով իրենց բողոքն էին ներկայացնում, սեպտեմբերի 8-ի նիստում կառավարությունը հաստատեց ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որտեղ ամրագրվեցին հիդրոէներգետիկայի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող հստակ նպատակները, դրանց իրականացման սկզբունքները, ինչպես նաև համապատասխան թիրախները։
Նյութը և նկարը' Սոֆյա Մանուկյանի
Թռչկանի ջրվեժի նկարը' Էդգար Մարուքյանի
