ՊՆ–ն դեռ ճշտում է մանրամասները

Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել «Չե´նք լռելու» նախաձեռնության տարածած' «Զինվորին խելագարության են հասցրել» վերնագրով տեսանյութը: Այն ներկայացնում է ԼՂՀ Ասկերանի շրջանում ծառայած 20-ամյա Հովհաննես Վարդանյանի վիճակը, ով 14 ամիս ծառայելուց հետո հոգեկան խանգարում է ստացել: Տեսանյութում տղայի հայրը և հորեղբայրը պատմում են, որ իրենք դեպքի մասին իմացել են Հովհաննեսի հետ ծառայած ինչ-որ տղայի զանգից: Տղայի հոր՝ Պաշտպանության նախարարությանն ուղղված  բանավոր և գրավոր դիմումները մնացել են անպատասխան: Պաշտոնական որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն դեռևս չի արվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքին» ասել է, որ տեղյակ չէ կատարվածի մասին և չի կարող մեկնաբանություն տալ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը www.1in.am -ին հաղորդել է, որ նախարարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել, ճշտում են դեպքի մանրամասները և առաջիկայում հանդես կգան ամփոփ հայտարարությամբ:

«Չե´նք լռելու» նախաձեռնող խմբին սեպտեմբերի 5-ին դիմել է հոգեկան խանգարում ստացած զինվորի հայրը' Վարդան Վարդանյանը: Նորքի հոգեբուժարանի բակում նկարահանված տեսանյությում նա պատմում է, որ 1991թ. ծնված իր որդուն 2010 թ. առողջ վիճակում ուղարկել է ծառայության: Մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զանգահարել է տղայի հետ ծառայող զինվորներց մեկը և ասել, որ վիճաբանություն է եղել Հովհաննեսի և մի սպայի միջև: Դրանից 17 օր անց մեկ այլ զանգով տղայի հորն ասել են, որ Հովհաննեսը 9 օր է տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան:

Վարդան Վարդանյանը դիմել է զորամասի հրամանատարին, Պաշտպանության նախարարություն' իմանալու, թե ինչո՞ւ որդու հետ կատարվածի մասին իրեն տեղյակ չեն պահել, սակայն սպառիչ պատասխան չի ստացել:

Հովհաննեսն ազատվել է ծառայությունից, իսկ նրա հորն ասել են, որ հոգեկան շեղումների պատճառը վախն է: Հայրը ենթադրում է, որ որդին նման վիճակում է հայտնվել ծեծի և դաժան վերաբերմունքի արդյունքում:

Տեսանյությում Հովհաննեսը անընդհատ կրկնում է բանակում տված երդումը, անկանոն շարժումներ, բանակային վարժանքներ է անում: Պատասխանելով հարցին՝թե ինչպե՞ս է ինքը այս վիճակում հայտնվել, ասում է' «ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն... աֆիցեռները», բայց անունների փոխարեն մականուններ է նշում:

Այս տեսանյութը հրապարակելով' հայրը պահանջում է Պաշտպանության նախարարության պարզաբանումը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am