Զինվորի սպանություն.սպան կալանավորվեց իշխանազանցության մեղադրանքով

ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի 18-ամյա ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանության գործով այսօր կալանավորվել է  օրեր առաջ ձերբակալված սպան.այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Սպային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանազանցություն, իշխանության չարաշահում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի  26-ին մահացած զինվոր Աղասի Աբրահամյանը դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ):

Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանի հարազատներին սկզբում ասվել էր, թե թունավորման ախտանիշներով Աղասիին տեղափոխել են զորամասի բուժմաս, այնուհետև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ իբր տղան անգիտակից վիճակում կտրուկ շարժում է արել, վայր ընկել մահճակալից և գլուխը ուժեղ հարվածելու հետևանքով մահացել:

Զինծառայողի հարազատները, դիահերձարանում տեսնելով նրա մարմինը, հայտարարել են, որ Աղասին դաժան ծեծի ու բռնությունների է ենթարկվել: Նրանց խոսքերով' տղայի ականջը պոկված է եղել, մարմինը ամբողջությամբ խոշտանգված:

Ըստ դատաբժշկական փորձաքննության' մահվան անմիջական պատճառ է դարձել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը: Եզրակացության մեջ ևս հաստատվում են Ա.Աբրահամյանի մարմնի վնասվածքները' արյունազեղումներ, քերծվածքներ և սալջարդ վերքեր գլխի, իրանի, վերջույթների շրջանում:

Աղբյուրը՝ www.hra.am