ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փոստանջյանի գործով որպես պատասխանող կողմ ներգրավվեց Ֆինանսների նախարարությունը
Հուլիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր' Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց Տիգրան Փոստանջյանի գործով նախնական դատական նիստը:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը պահանջում է պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հերքելու իր կայքում այս տարվա փետրվարի 18-ին և մարտի 12-ին հրապարակած և ԶԼՄ-ներին տարածած 2 հաղորդագրությունները, որտեղ գրված է, որ Տիգրան Փոստանջյանը «ապօրինի պահանջել և ստացել է 100.000 դրամ վարձատրություն» և պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար բռնագանձել 12 միլիոն դրամ:
Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, բաշխեց ապացուցման բեռը: Հայցվոր կողմի վրա պարտավորություն դրվեց ապացուցելու, որ հրապարակված երկու հաղորդագրությունները, բացի ՀՀ Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրվելուց, դատախազության միջոցով ուղարկվել են այլ ԶԼՄ-ների և տարածվել: Հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հաղորդագրությունների տարածման արդյունքում արատավորվել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը և պատճառվել է հենց 12 միլիոն դրամի վնաս:
Պատասխանող կողմի վրա ապացուցման բեռ չդրվեց:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր կարծիքով' գործի քննության արդյունավետության համար ավելի նպատակահարմար կլինի, որ պատասխանող կողմn ապացուցի իր տարածած տեղեկությունների հավաստի լինելը:
«Դա դատարանի կողմից գնահատման խնդիր է, և այս պահին դա չի քննարկվում»,- պատասխանեց դատավոր Ներսիսյանը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Սմբատ Մելիքջանյանը դատարանին միջնորդեց որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, քանի որ հայցվորի պահանջած 12 միլիոնը պետք է բռնագանձվի պետական բյուջեից:
Միջնորդությանը հայցվոր կողմը չառարկեց: Դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: Նախնական դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 13-ը' ժամը 15:30-ը, որպեսզի նոր ներգրավված կողմը ժամանակ ունենա գործի նյութերին ծանոթանալու:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
