ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ բողոքներ Խալաֆյանի գործով
Ոստիկանության Չարենցավանի բաժնում 2010թ մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, դատախազությունը և գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
Արտակ Զեյնալյանը www.hra.am- ին հաղորդեց, որ բողոքը մուտքագրվել է դատարան, սակայն դեռ հայտնի չէ' ընդունվե՞լ է վարույթ, թե' ոչ։
Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Աիդա Հովհաննիսյան) հունիսի 15-ին մերժեց Վահան Խալաֆյանի գործով բոլոր վերաքննիչ բողոքները: Միաժամանակ դատարանը կիրառեց համաներման որոշումը և գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից:
Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ավելի վաղ հայտնել էր www.hra.am -ին, որ համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ: Նրա խոսքերով' համաներման որոշումը տարածվեց ոստիկանների վրա, որովհետև նրանք դատապարտվել էին ոչ թե խոշտանգման համար, այլ' պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ իշխանազանցության համար:
Վահան Խալաֆյանի ընտանիքը պահանջում է Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար, Մորես Հայրապետյանի պատիժը' պայմանական ազատազրկումը փոխարինել ազատազրկմամբ և օպերլիազորներ Գարիկ Դավթյանի ու Գագիկ Ղազարյանի նկատմամբ կայացնել մեղադրական վճիռ:
Աղբյուրը' www.hra.am
