ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվս 4 վկայի հարցաքննեցին «Մոսկվա» կինոթատրոնի գործով
Ստեփան Հովակիմյանի հայրը հայտնեց, որ երբ իրենք քննիչին խնդրել են նշել, որ Ստեփանը հրաժարվում է խոշտանգումների արդյունքում տված ինքնախոստովանական ցուցմունքից, քննիչ Տիգրան Կիրակոսյանը հայտնել է, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է գիշերը 00։30 րոպեին։
Այսօր՝ հուլիսի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով դատական նիստի ժամանակ հարցաքննվողների շարքում էին ամբաստանյալներ Վահրամ Քերոբյանի մայրը և Ստեփան Հովակիմյանի հայրը։ Բենյամին Հովակիմյանը նշեց, որ բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունքը կորզել ու ամբողջ օրը տղային՝ Ստեփանին, պահել են ոստիկանությունում և իրեն ու փաստաբանին չեն թողել քննչական բաժին մտնել։ Այդ փաստը հաստատեցին նաև գործով մյուս երկու վկաները։
Հիշեցնենք, որ Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված 5 մլն 80000 դրամի և 10000 ռուսական ռուբլու գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ' ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Քրեական գործը դեռևս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի կողմից արված ինքնախոստովանական ցուցմունքը։
«Առաջին իսկ օրն Ազատյանը(«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն-հեղ.) ինձ ասել է, որ հույս չունենաս, որ մի բան կլինի, քանի որ այս գործի հետևում կանգնած է Ալիկ Սարգսյանը, ով Մարտինի՝ կինոթատրոնի տնօրենի մտերիմ ընկերն է ,ու ինքն է հրահանգ տվել։ Ես էլ մտածում եմ, որ այս երկրում ամեն ինչ հրահանգներով է լինում, մինչև ես Մարտինին չհամոզեմ, որ իմ տղան կապ չունի, նա Սարգսյանին չի խնդրի և նա էլ չի հանձնարարի, որ գործը մեղմեն»,- դատարանում հայտարարեց Բենյամին Հովակիմյանը։
Ցուցմունք տվեց նաև Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, ով նշեց, որ իր տղան չի թաքնվել քննությունից և այն, որ բակից են նրան բռնել ու տարել, չի համապատասխանում ճշմարտությանը, քանի որ իր տղային տարել են տանից առավոտյան ժամը 7-ին՝ քնից հանելով։ Բացի այդ քննիչն իմացել է իրենց տան ու բջջային հեռախոսահամարները, իսկ իրենց տղան չի փախել։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 9-ին՝ ժամը 12։00-ին։
Կարինե Ւոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
