ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զոհերը հրաժարվում են հոգեբանական օգնությունից

Ավելացել է ընտանիքում և այլ վայրերում բռնությունների ենթարկվելու համար Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ) դիմող երեխաների թիվը:
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանի հավաստմամբ' 2008թ-ին իրենց կենտրոն դիմած 150 երեխաների 28 տոկոսն էին բողոքում բռնությունից, իսկ 2010թ-ին նրանք կազմում են 150-ի 54 տոկոսը:
Անտոնյանը նշում է, որ հիմնականում դիմում են տանը, դպրոցում բռնությունների ենթարկված երեխաները։ Եղել է դեպք, երբ մայրը կարտոֆիլ մաքրելիս զայրացել է ու դանակահարել երեխային։ Դպրոցում թեև մեկ ոտքի վրա չեն կանգնեցնում, բայց ամեն դեպքում անկյուն կանգնեցնելու, ծեծելու, վիրավորելու մեթոդները դեռ կիրառվում են:
Մեծ տարածում ունեն նաև հոգեբանական բռնությունները, երբ օրինակ՝ ուսուցիչը ցածր դասարանի երեխայի ձեռքին անպարկեշտ բառ է գրում ու տգեղ պատկեր նկարում տնային աշխատանքը չկատարելու համար:
«Մեզ դիմող երեխաների 60 տոկոսից ավելիի մոտ ծնողները անկանոն կյանք են վարում, ալկոհոլ, թմրանյութ են օգտագործում»,- հայտնում է Անտոնյանը:
Հիմնականում երեխաները գալիս են Երևանից, Կոտայքի ու Արարատի մարզերից, քանի որ Երևանը դարձել է մարզերից միգրացիոն հոսքի կենտրոն։ Այն ծնողները, որոնք դեռ չունեն կայունություն, հաճախ են ձեռք բարձրացնում երեխաների վրա, բայց այդ գործերով կոնկրետ դատական գործեր գրեթե չեն արձանագրվում:
Ընտանեկան բռնությունների դեմ պայքարող մասնագետները համարում են, որ երկակի բռնություն է լինում, երբ բռնության ենթարկված զոհի անունը դեպքից հետո սկսում են շահարկել և հնարավորություն չեն տալիս, որ այդ մարդը վերաինտերգրվի հասարակություն:
«Այ օրինակ՝ հենց վերջերս Գորիսում կատարված դեպքը, երբ 14 տարեկան երեխայի հղիանալու մեջ մեղադրում էին հորը, քննությունով պարզվում է, որ հայրը չի և դրա համար աշխատանքներ են տարվում, որ պարզվի, թե ումից է հղիացել: Հարց է ծագում՝ այս երեխան ո՞նց է ապրելու նույն Գորիս քաղաքում, որտեղ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել»,- ասում է ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը:
Անդրադառնալով «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Տեր-Պողոսյանի կողմից մոտ 21 անչափահասների նկատմամբ կատարված սեռական ոտնձգություններին ու մինչև այսօր շարունակվող դատական գործընթացին՝ Դուրյանը նշեց, որ իրենք միշտ էլ ուշադիր են եղել այս թեմայի նկատմամբ
Իսկ ինչ վերաբերում է 21 զոհերի հետ հոգեբանական աշխատանքներ տանելուն Դուրյանն ու Անտոնյանը նշեցին, որ զոհերը իրենց զոհ չեն համարում, դեռ ավելին իրենց թվում է, թե միջամտել են իրենց կյանքին ու հրաժարվում են այդ ծառայություններից:
Այս տարի ոստիկանությունում չեն արձանագրվել անչափահասների թրաֆիքինգի դեպքեր, բայց գտել են երեխաների, ովքեր օրինակ՝ ծաղիկ են վաճառում իրենց ծնողների ցուցումներով, որի համար ծնողներին միայն նկատողություն են տվել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
