Խոսքի ազատության դեմ ուղղված արշավ

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ կայացրած որոշումը լրագրողական կազմակերպությունները համարում են խոսքի ազատության դեմ ուղղված արշավ։

Վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ»-ի բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից հեռուստասարքավորումները ապամոնտաժելու մասին որոշումը:  2011թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ  «ԳԱԼԱ»-ի դեմ վճռաբեկ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի՝ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, և գործընթացը համարվում է փակված. «Միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»՝ լռեցնելու իրենց համար անցանկալի նաև մյուս լրատվամիջոցներին, ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն»:

Լրագրողական կազմակերպությունները շարունակելու են սատարել «ԳԱԼԱ»-ին. «Կոչ ենք անում իշխանություններին ձեռնպահ մնալ ազատ խոսքի և բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից, հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարևոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը»:

Աղբյուրը՝ www.hra.am