Տիգրան Փոստանջյանը պահանջում է 12 միլիոն՝ բարոյական վնասի փոխհատուցում

Հուլիսի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ռ.Ներսիսյան) լսվեց Տիգրան Փոստանջյանի գործով հերթական հայցը' տեղեկություններ հերքելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 19 և 1087.1):

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը պահանջում է պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հերքելու իր կայքում այս տարվա փետրվարի 18-ին և մարտի 12-ին հրապարակած և ԶԼՄ-ներին տարածած 2 հաղորդագրությունները, որտեղ գրված է, որ Տիգրան Փոստանջյանը «ապօրինի պահանջել և ստացել է 100,000 դրամ վարձատրություն» և պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար բռնագանձել 12 միլիոն դրամ:

Դատարանում Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցադիմումի առարկան և հիմքը: Նրա խոսքերով' հաղորդագրության մեջ ձևակերպումն այնպիսին է, կարծես Տիգրան Փոստանջյանը ոչ թե կասկածվում է ինչ-որ գործողությունների կատարման մեջ, այլ արդեն նրա մեղքն ապացուցված է: Մինչդեռ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ դեռ մեղադրանք առաջադրված չէր և դատարանի վճիռ չկար»,- ասում է փաստաբանը:

Դատախազ Մելիքջանյանը հայցվորի պահանջը չընդունեց և առարկեց' նշելով, որ հայցվոր կողմը հաղորդագրությունները թերի և սուբյեկտիվ է մեկնաբանում. «Կայքէջում հրապարակված հաղորդագրությունն իր մեջ վիրավորանքի կամ զրպարտության որևէ տարր չի պարունակում»,- կարծում է դատախազը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը ժամը 16:00, քանի որ հայցվոր կողմը չէր ստացել իր հայցադիմումի պատասխանը և հնարավորություն չէր ունեցել ծանոթանալու պատասխանող կողմի առարկություններին և իր դիրքորոշումը ներկայացնելու:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am