Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11–ին հրամանագիր է ստորագրել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
 
Հիշեցնենք, որ Արդարադատության խորհուրդը հունիսի 24-ի դռնփակ նիստում քննարկել է դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և որոշել դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին։ Դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ հունիսի 1-ին կարգապահական վարույթ էր հարուցվել Վճռաբեկ դատարանի նախագահի գրության հիման վրա:

Կարգապահական վարույթի պատճառը  մի գործով հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի խափանման միջոցը կալանքից գրավի փոխարինելն է։ Արդարադատության խորհուրդը գտել է, որ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշումը դատավոր Սամվել Մնացականյանը պատշաճ չի հիմնավորել։

Մի շարք փաստաբաններ հանդես եկան արդարադատության խորհրդի որոշումը դատապարտող հայտարարությամբ, նաև բողոքի ակցիա անցկացրեցին Վճռաբեկ դատարանի շենքի առաջ՝պահանջելով առանց «դաբրոյի» արդարադատություն։ Փաստաբանները կարծում են՝ Մնացականյանն այդ որոշումը կայացրել է առանց վճռաբեկի «դաբրոյի» ու դրա համար պատժվում է ։

Աղբյուրը՝ www.hra.am