ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհին դատի է տվել գլխավոր բժշկին
Հուլիսի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Լորա Մովսիսյանի հայցն ընդդեմ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանի:
Բժշկուհու խոսքերով' Արա Ասոյանը ոտքով ջարդել է բժիշկների սենյակի դուռը և իր գործընկերների ներկայությամբ հայհոյել ու սպառնացել է իրեն: Նա դիմել է ոստիկանություն, սակայն հանցագործության իրեղեն ապացույցների բացակայության պատճառով գործը փակվել է: Լորա Մովսիսյանի փոխանցմամբ՝ քննիչը հիմնավորել է գործը փակելը. «դուռը տեղում է», իսկ «վկաները չեն լսել ոչ մի հայհոյանք ու սպառնալիք»: Նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժել է նաև դատախազությունը։
Հուլիսի 5-ին Լորա Մովսիսյանը բաց նամակ էր տարածել' ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին, որով նա բարձրաձայնում է՝ աշխատանքի իր սահմանադրական իրավունքի ոտնահարման մասին:
Ըստ նամակի' խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ իր ծննդյան օրը' ապրիլի 5-ին, բժշկուհին բաժնի վարիչի իմացությամբ աշխատանքից շուտ է տուն գնացել: Նույն օրը հիվանդանոցի գլխավոր բժիշկը նրան խիստ նկատողություն է հայտարարել: Լ.Մովսիսյանը բացատրագիր է գրել և որոշել է դատական կարգով վիճարկել նկատողությունը' զուգահեռ պահանջելով նաև 5-ամյա հերթապահության և խոզի գրիպի համաճարակի ժամանակ արտաժամ աշխատանքի դիմաց աշխատավարձը: Նա դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքային տեսչություն:
Իսկ հայցով նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին իրավական ակտը, վերացնել կարգապահական տույժը և վճարել իրեն օրենքով հասանելիք, բայց չվճարված աշխատավարձերը:
Արա Ասոյանը պնդում է, որ ինքը բժշկուհուն չի հայհոյել, նրա աշխատանքային իրավունքները չի սահմանափակել: Ընդհակառակը' իր ոչ ադեկվատ պահվածքով բժշկուհին ինքն է բարդացնում իրավիճակը և ավելորդ լարվածություն ստեղծում կոլեկտիվում:
Լորա Մովսիսյանը շարունակում է աշխատել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
