ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սեմերջյանի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց
Վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել է ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի։
Հիշեցնենք, որ Սեմերջյանը բողոքարկվել էր հանձնաժողովի այն որոշումը, որով 1 տարի հետաձգվում է Մ. Սեմերջյանի պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը։
Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը մինչև բողոք ներկայացնելը՝ 10.03.2011թ. դրությամբ, անազատության մեջ էր 20 տարի 1 ամիս 8 օր։ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը հաշվի չառավ Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունու փաստարկները, որ օրենքով Սեմերջյանին հասնում է պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն տալը, և որ ոչ մի հոգեբանական եզրակացություն չկա, որ Սեմերջյանը վերջին 5 տարիներին այնպես է իրեն պահել, որ այսօր իրական վտանգ է ներկայացնում հասարակության համար։
Ռշտունին նաև ժխտեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի ներկայացուցիչ Գարիկ Տիգրանյանի խոսքը, որ Սեմերջյանի քույրը պատրաստ չէ նրան հետ ընդունել և իր տանը ապրելու թույլտվություն տալ։
Տիգրանյանը նշեց, որ իրենք եզրակացություն են կազմում ոչ միայն վերջին 5 տարիների, այլ ամբողջ 20 տարիների հիման վրա։ Իսկ 1992թ. դատապարտյալի մոտ հայտնաբերել են 10սմ երկարությամբ երկաթ կտրելու սղոց, իսկ 2002թ. նա ծեծել է մի հաշմանդամ ցմահ դատապարտյալի՝ հաշմանդամական ձեռնափայտով։ Վերջին հինգ տարիների ընթացքում էլ դանակի շեղբ են գտել մոտը ու մեկ անգամ էլ հեռախոս։
www.hra.am -ի այն հարցին՝ ինչո՞ւ այդ մասին Տիգրանյանը չհիշեց նախորդ դատական նիստի ժամանակ, երբ Սեմերջյանը խնդրում էր բերել մեկ օրինակ, որ ինքն իրեն լավ չի պահել, նա պատասխանեց.
«Այդ դատական նիստին ես չուզեցի ուղղակիորեն ասել դա, որ իր մեջ չարթնացնեմ ագրեսիվ վարքագիծ»,- ասում է Տիգրանյանը։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանը նորից նշեց, որ իրենք դեմ չեն Սեմերջյանի ազատ արձակվելուն, պարզապես իրենց ժամանակ է պետք, որ հասկանան այլ երկրների փորձը, քանի որ սա նախադեպային է ՀՀ-ի համար։
Նշենք, որ դատավարության ժամանակ ներկա չէր Մանուկ Սեմերջյանը։ Դատական նիստին նրա բացակայությունն իրավաբան Սիրանույշ Սահակյանը որակում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննություն), հնարավոր է նաև 5-րդ հոդվածների խախտում։
«Սեմերջյանի մասնակցությունը պարտադիր է։ Անվտանգության երաշխիքների պահպանման համար դատարանը գոնե պետք է գնար քրեակատարողական հիմնարկ ու այնտեղ նիստը վարեր, բայց մեր օրենսդրությունը չկարգավորված է, որից էլ նրանք հաճախ օգտվում են։ Սա հիմնական մեղադրանքի վերաբերյալ գործ չի, դրա համար էլ այսպես են իրականացնում»,- www.hra.am- ին ասաց Սահակյանը։
Նարինե Ռշտունին օրենքով սահմանված ժամկետում պատրաստվում է այս վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
