Արհեստավարժ մասնագետները պատրաստ չեն «հարձակումների». ՄԻՊ–ը փնտրում է ևս երկու ԿԸՀ անդամի

Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի (ԿԸՀ)  անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ հուլիսի 11-ին ժամը 14:10-ին, Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին(ՄԻՊ):

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հուլիսի 9-ին  ամփոփեց ԿԸՀ 3 անդամների ընտրության արդյունքները։ Նա որոշել էր ՀՀ Նախագահին ներկայացնել հետևյալ երեք  անձանց՝ Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան և Ռոզա Ստեփանյան:

ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են գրությամբ՝ մասնավորապես նշելով.

«Արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միևնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ արդեն պիտակավորեցին «ապագա ընտրակեղծարարներ»»։

Ըստ գրության՝ Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը պատրաստ էին ԿԸՀ-ում աշխատել որպես չքաղաքականացված և արհեստավարժ մասնագետներ, բայց ոչ երբեք ենթարկվել իրենց պատկերացմամբ անարդար հարձակումների։

Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից և ոչ մեկին, հետևաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին և հանրությանը կներկայացվեն մինչև հուլիսի 12-ը:

«Հաշվի  առնելով ստեղծված բարդ իրավիճակը' խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկություններ' մինչև նոր անունների առաջադրումը»,- փոխանցում են ՄԻՊ գրասենյակից:

Աղբյուրը՝ www.hra.am