Վճիռ ընդդեմ Հայաստանի. զինծառայությունից խուսափելու համար Եհովայի վկայի ազատազրկմամբ խախտվել է կրոնի ազատության նրա իրավունքը

Հուլիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի ընդունած որոշման համաձայն՝ Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում է արձանագրվել։

Գործը վերաբերում է 2003թ. Եհովայի վկայի դեմ ուղղված մեղադրանքին, ով հրաժարվում էր զինծառայությունից։ Նա ձերբակալվել է 2001թ. հունվարի 25-ին, երբ Հայաստանը դեռ նոր էր անդամակցում Եվրոպայի խորհրդին։ Այդ ժամանակ դեռ նոր պետք է ներմուծվեր քաղաքացիական ծառայությունը որպես զինծառայությանը այլընտրանք, որով էլ պիտի բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել էին իրենց դավանանքի պատճառով զինծառայությանը ընդդիմանալու համար, ներում շնորհվեր։

Վահան Բայաթյանը ազգությամբ հայ է,  ծնվել է 1983թ։ Նա Եհովայի վկա է։ Երբ Բայաթյանը 17տարեկան էր, նրան պիտանի էին համարել զինծառայության համար և 2001թ. գարնանը զորակոչել բանակ։ 2001թ. ապրիլի 1-ին նա դիմել է ՀՀ  գլխավոր դատախազին,  Հայաստանի Ռազմական հանձնակատարին  և Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովին նշելով՝ որպես Եհովայի վկա նա չի կարող զինծառայության անցնել, սակայն պատրաստ է այլընտրանքային ծառայություն իրականացնել։ 2001թ մայիսի 15-ին, երբ նա 18 տարեկան էր, նրան զինծառայության են կանչել, սակայն նա չի ներկայացել։

2001թ. մայիսի 29-ին Ազգային Ժողովի Պետական և իրավական հարցերով հանձնաժողովը նրան տեղեկացրել է, որ քանի որ Հայաստանում չկա այլընտրանքային ծառայության մասին օրենք, նա պարտավոր է ծառայել բանակում՝ ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը և Ռազմական պատասխանատվության օրենքը։

2001թ. օգոստոսի 1-ին Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել Բայաթյանի դեմ զորակոչից խուսափելու պատճառով։

2003թ. հունվարին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ Բայաթյանին դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրման։ Դատավարության ժամանակ Բայաթյանը կրկին խնդրել է այլընտրանքային ծառայություն իրականանցնել, որով բանտում օրեր անցկացնելու փոխարեն առավել օգտակար հանրային աշխատանք կիրականացնի։ Սակայն նրան բանտարկել են, իսկ 10 ու կես ամիս անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակեցին։

«Այլընտրանքային զինծառայության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս կրոնական այլ համոզմունք ունեցողներին այլընտրանքային ծառայություն անցկանցել։ Այս օրենքն ընդունվել է միայն 2003թ.  դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին։ Բայաթյանը 2003թ. հուլիսի 22-ին դիմել է ՄԻԵԴ, որը գործը վարույթ է ընդունել երեքուկես տարի անց՝ 2006թ. դեկտեմբերին։ Պալատը 2009թ. հոկտեմբերին կայացրած վճռով հոդված 9-ի ոչ մի խախտում չէր արձանագրել։

Սակայն 2010թ. մայիսին Բայաթյանի դիմումով գործը քննել էր նաև Մեծ պալատը։ 2010թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ հանրային լսումներ։ Բայաթյանի զինծառայությունից խուսափելը Մեծ պալատը որակեց որպես նրա կրոնական համոզմունքների արտահայտում։ Մեծ պալատը արձանագրեց, որ Բայաթյանը որպես Եհովայի վկա ցանկանում էր չծառայել բանակում՝ ելնելով ոչ թե անձնական շահերից, այլ իր կրոնական պատկանելությունից։ Մեծ պալատը որոշեց, որ տուգանքի պարտադրումն իր դավանանքի համար չի համապատասխանում ժողովրդավար հասարակության գաղափարներին։

Այն հարցի շուրջ՝ արդյոք համապատասխանում է մեղադրանքը ժողովրդավար հասարակությանը, թե՝ ոչ, Վերին պալատը նշեց. Եվրոպայի Խորհրդի գրեթե բոլոր 47 պետությունները, որոնք ունեն պարտադիր զինծառայություն, ունեն նաև այլընտրանքային ծառայություն։ Հետևաբար պետությունը, որը չի տալիս նման հնարավորություն,  պիտի փաստերով պատճառաբանի և հիմնավորի անձի դավանանքի ազատության նկատմամբ կատարած ցանկացած միջամտություն։

Արդյունքում ՄԻԵԴ-ը որակեց պետության՝ Բայաթյանի դավանանքի ազատության միջամտությունը  Կոնվենցիայի հոդված 9-ի խախտում և պարտավորեցրեց Հայաստանին Բայաթյանին վճարել 10 հազար եվրո ոչ նյութական վնասի և ևս 10 հազար՝ ծախսերի փոխհատուցման համար։

Պատրաստեց՝ Սոֆյա Մանուկյանը

Զեկույցն անգլերեն լեզվով