Սախարովի գրասենյակի հրկիզման փորձ.ՀԿ–ները մտահոգ են

2011 թվի հուլիսի 6-ի առավոտյան  ժամը 5-ին մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին և հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը:

Գրասենյակի հարևանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն և ինքնուրույն միջոցներ ձեռնարկել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը և սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600.000 դրամը:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում այս հարձակման և հրկիզման կապակցությամբ, դատապարտում են այս հարձակումը ծրագրողների և իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերությանը և իրավապաշտպաններին.

«Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին և պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին»,–ասվում է հայտարարությամբ:

ՀԿ–ները կոչ են անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսևորումները և աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության և Գյումրու գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն:

Նրանք նաև հույս են հայտնում, որ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը և Գյումրու գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները՝ մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնքան հետևողական, որքան եղել են 15 տարի շարունակ:

Աղբյուր՝ www.hra.am