ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Տեսուչը փող ուզեց, գնա բողոքի, տղա չե՞ս»,– ասում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը

«Եթե դուք համաձայն չեք տեսուչի կողմից ձեզ վերագրվող խախտմանը, գրեք արձանագրության մեջ, որ նշված խախտումը չեմ կատարել և պահանջում եմ փաստաբանի օգնություն։ Այդ դեպքում տեսուչը այլևս իրավունք չունի տեղում կայացնելու որոշում՝ ձեզ զրկելով պաշտպանվելու իրավունքից։ Իսկ դուք կունենաք ներկայացուցիչ և ավելի պաշտպանված կլինեք։ Մեր փորձը ցույց է տվել, որ ավտովարորդների իրավունքների պաշտպանության ամենաէֆեկտիվ ձևը սա է»,- վարորդներին խորհուրդ տվեց Էդուարդ Հովհաննիսյանը՝ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության և աջակցության կենտրոն ՀԿ նախագահը, հունիսի 30-ին «Ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում» թեմայով սեմինարի ժամանակ ։
«Վարորդների իրավունքը հաճախ խախտվում է այն պատճառով, որ իրենք չգիտեն օրենքը։ Հաճախ տեսուչներն իրենք չեն տիրապետում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքին և անտեղի հոդվածներ են վկայակոչում։ Լինում են դեպքեր, երբ վարորդը անտեղի է մեղադրում տեսուչին, որը նույնպես օրենքը չիմանալու արդյունք է»,- ասում է ՇՊԱԿ-ի իրավական խորհրդատու Սարգիս Աղասյանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ սեմինարները կօգնեն վարորդներին իմանալու իրենց իրավունքները և պաշտպանելու դրանք։
Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ներկայացուցիչ Հայկ Սարգսյանի խոսքերով՝ վարորդ-տեսուչ հարաբերությունները շատ «խորն» են և շտկելու տեղեր ունեն, ինչի համար իրենք ամենօրյա աշխատանք են տանում. «Տարեկան ՃՈ կողմից կազմվում է ավելի քան 700.000 վարչական իրավախախտման արձանագրություն։ Այսինքն՝ վարորդ ու տեսուչը հանդիպում են 700.000 անգամ և բնական է, որ կլինեն տարաձայնություններ, վրիպումներ, բացթողումներ»։
«Աքիլես» ՀԿ նախագահի ներկայացրած տվյալներով՝ վերջին 5 ամիսների ընթացքում վարորդներն իրենց ահազանգել և դիմել են 1720 անգամ։ «Աքիլեսը» 49 հայցով դիմել է դատարան պաշտպանելու ավտովարորդների խախտված իրավունքները։ Կազմակերպությունը հրատարակել և վարորդներին է բաժանել «Ձեզ կանգնեցրել է ավտոտեսուչը» գրքույկն ու թռուցիկները։
Նրա խոսքերով՝ Երևանում և մարզերում իրավիճակը գրեթե նույնն է։ Միակ տարբերությունն այն է, որ մարզերում ավտոճանապարհային տեսուչները ավելի «մարդասիրական» մոտեցում են ցուցաբերում և արձանագրում են փոքր չափի տուգանքներ նախատեսող իրավախախտումներ, որպեսզի վարորդները ի վիճակի լինեն վճարելու։
Համեմատելով 2 տարի առաջ իրականացրած նմանատիպ ծրագրի արդյունքների հետ՝ Էդուարդ Հովհաննիսյանն արձանագրում է. «Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՃՈ Հաշվառման քննական բաժանմունքներում կտրուկ նվազել է կոռուպցիան, փոխարենը կառուպցիայի աճ է նկատվում ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննական բաժանմունքներում»։
Երբ կաշառք տալու կոնկրետ դեպքեր վկայակոչվեցին, ՃՈ աշխատակից Հայկ Սարգսյանը վրդովվեց. «Տալիս եք, գնում պատերի տակ ասում եք՝ վայ ինձնից փող ուզեց տեսուչը։ Փող ուզեց, գնա բողոքի, տղա չե՞ս։ Էսքան ասում են՝ կոռուպցիա, կոռուպցիա... Մի հատ ռիսկով տղամարդ չկա՞ ամբողջ Հայաստանում գա ասի՝ էս տեսուչը իմ երեխեքի կաթի փողը խլում ա։ Ես չեմ բացառում, որ տեսուչ կա, որ փող ա վերցնում, բա եկեք, ասեք։ Ես իմ կաբինետում նստած ինչ իմանամ, ով ա փող վերցնում։ Հո ես չեմ կարա ամեն մեկի հետևից 17 հատ մարդ դնեմ...»։
«Աքիլեսի» նախագահը՝ ՃՈ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տեսուչների էթիկական ոչ բավարար պատրաստվածության վրա։ «Մեզ մոտ վարորդները, երբ գալիս են բողոքելու, ավելի շատ վիրավորված են լինում տեսուչների վերաբերմունքից»,- ասում է նա։
Հովհաննիսյանի կարծիքով՝ խախտումները հնարավոր կլինի կանխել այն ժամանակ, երբ ճանապարհային ոստիկանի խնդիրը կլինի ոչ թե պատժել իրավախախտ վարորդին և կազմված արձանագրություններից «տոկոս ստանալ», այլ նախևառաջ ուղղորդել վարորդին և կանխել խախտումները։
Սեմինարը կազմակերպել էին «Աքիլես» հասարակական կազմակերպությունը և Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ), որոնք անվճար խորհրդատվություն և իրավական աջակցություն են ցույց տալիս ավտովարորդներին։ Նմանատիպ սեմինարներ են անցկացվելու ՀՀ բոլոր մարզերում, որի նպատակն է բարձրացնել վարորդների իրավագիտակցությունը՝ դրանով նպաստելով ՃՈ համակարգում տիրող կոռուպցիայի նվազեցմանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
