ՀԿ–ները դժգոհ են Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշումից

2011 թվականի հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձեւը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։

Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին։ Մեր կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են որոշումը եւ դրա հետ կապված հանգամանքները. թերեւս դա է պատճառը, որ այս հայտարարությունն ընդունվեց եւ տարածվեց որոշ ուշացումով։

Մենք համոզված ենք, որ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե´ իրավական եւ թե´ այլ հանգամանքների առկայության:

Հայտարարությանը կից ներկայացվող հավելվածում բերված փաստերն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության եւ գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, այդ փաստերի ու հանգամանքների համադրումը թույլ են տալիս խոսել «Ա1+»-ի եթեր վերադարձման համար շարունակական խոչընդոտներ ստեղծելու մասին։

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum)։ Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որեւէ կերպ չեն վերականգնվել։

Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները եւ նվազեցնեւմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը։

Մենք տվյալ որոշումը դիտարկում ենք որպես ակնհայտորեն հակասող այն նպատակներին, հանուն որոնց ստեղծված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթով օժտված կառույցները: Մենք կոչ ենք անում ԵԽ Նախարարների կոմիտեին' իր իրավասության ներքո գտնվող ընթացակարգերն կիրառել Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչված առաջնայնություններին եւ արժեքներին համահունչ: 

Հավելված

Երեւանի մամուլի ակումբ

Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Ասպարեզ» լրագրողների ակումբ

Մամուլի բազմազանության ինստիտուտ - Հայաստան

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

 «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Վանաձորի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Հայաստանի հելսինկյան կոմիտե

 «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Կրթության ասպարեզ» ՀԿ

«Մենք պլյուս» ՀԿ

«Շիրակ Կենտրոն» ՀԿ