ԱԺ–ն հաշվի կառնի՞ խուլերի խնդիրները

3500 խուլ մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքին վերաբերող բաց նամակը ուղարկվել է Ազգային ժողով: Արդեն մի քանի ամիս է' նրանք զրկված են սուրդոթարգմանությամբ ուղեկցվող լրատվական հաղորդում դիտելու հնարավորությունից:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը հունիսի 3-ին բաց նամակ էր հանձնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանին, ով ղեկավարում է ՀՀ նախագահի առաջարկով 2010 թվականին ձևավորված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբը:

Դեհերյանն աշխատանքային խմբին խնդրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5.3.3 կետում ներառել հետևյալ առաջարկը. «Եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրերով» նախադասությունից հանել «կամ հայերեն լուսագրերով» բառակապակցությունը: «Հայերեն լուսագրերը, որոնք այսօր առկա են որոշ տեղական հաղորդումների ժամանակ, անհարմար են և ոչ ընկալելի խուլերի համար և շատ դեպքերում չեն համապատասխանում ներկայացվող պատկերին»,- ասված է նամակում:

Սակայն մինչ նամակը Անդրեասյանին հանձնելն աշխատանքային խմբի կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը մայիսի 31-ին արդեն ուղարկված է եղել Ազգային ժողով և հնարավոր չի եղել այդ առաջարկը նախագծի մեջ ներառել:

ՄԻՊ գրասենյակից www.hra.am -ին տեղեկացրին, որ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահի նամակը կից գրությամբ հունիսի 13-ին ուղարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դաթյանին:

«Գրության մեջ նշվել է, որ հաշվի առնելով բարձրացված խնդրի կարևորությունը և հրատապությունը խուլուհամր հանրության համար' «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխության համատեքստում քննարկման առարկա դարձնել նրանց կողմից բարձրացված հարցը' հայերեն լուսագրերը սուրդոթարգմանությամբ զուգորդելու անհրաժեշտությունը»,- հաղորդեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման բաժնի ավագ մասնագետ Երանուհի Թումանյանցը: Նա նշեց, որ ԱԺ-ին է ուղարկվել նաև ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից  ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկը։

Պատգամավոր Արտակ Դավթյանը հունիսի 17-ին մեզ փոխանցեց, որ նման նամակ չի ստացել և տեղյակ չէ' ինչի մասին է խոսքը:

Օրենքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել աշխատանքային խմբի անդամ հանդիսացող' ԶԼՄ ոլորտի երեք հասարակական կազմակերպություններ՝ փոփոխոթյունների նախագիծն առայժմ համարելով անկատար: Նրանք հայտարարում են, որ շարունակելու են օրենքի լրամշակման աշխատանքները և առանձին փաթեթով ներկայացնելու են Ազգային ժողով, ուստի խնդրում են հետաձգել օրենքի քննարկման աշխատանքները:

Սուրեն Դեհերյանը մտավախություն ունի, որ ներկայացված մի քանի օրինագծերի ֆոնին իրենց նամակ-առաջարկությունը կարող է նույնիսկ քննարկման առարկա չդառնալ. «Շիլաշփոթ է ստեղծվելու: Իմ նամակն այդտեղ ինչ-որ դեր կունենա՞, խուլերի խնդիրներին կանդրադառնա՞ն, թե՝ ոչ, ես արդեն չգիտեմ»,- տարակուսանք է հայտնում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահը' օրենքը համարելով «քաղաքականացված»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am