Խոշտանգման զոհերի համալիր վերականգնման կենտրոններ են հարկավոր

Հունիսի 6-10-ը Լոնդոնում տեղի ունեցավ «Խոշտանգման զոհերի համալիր վերականգնումը» թեմայով սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Տարբեր երկրներում խոշտանգումների ենթարկված անձանց վերականգնողական կենտրոններում աշխատող փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը: Սեմինարի վերջին օրը մասնակիցները ներկայացրել են իրենց երկրում խոշտանգման զոհերի վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները. պարզվել է, որ տարածաշրջանում համալիր վերականգնողական կենտրոններ չկան:

Հայաստանից սեմինարին մասնակցում էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Գայանե Շահնազարյանը և փաստաբան Արտակ Զեյնալյանը։

«Սեմինարի ավարտին յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր երկրի համար պլան մշակեց, թե ինչպես և ինչից կարելի է սկսել խոշտանգման զոհերի վերականգնման աշխատանքները: Իմ ներկայացրած ծրագրում ես կարևորել էի առաջին հերթին իրազեկումը և գիտակցությունը բարձրացնելը, որ մարդիկ իմանան՝ իրենք իրավունք ունեն հոգեբանական ռեաբիլիտացիայի, նյութական փոխհատուցման և այլն, իրենք կարող են դատական կարգով պահանջել այդ ամենը: Մենք վերջում իմացանք, որ նախատեսված էր դրամաշնորհ լավագույն գաղափարների համար: Իմ ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ և մենք պետք է ուղարկենք պլանի հիման վրա մշակված ամբողջական ծրագիր»,- ասում է Գայանե Շահնազարյանը, ով նաև Քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի անդամ է:

Սեմինարը կազմակերպել էր Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպությունը (Penal Reform International) Խոշտանգման զոհերի աջակցման բժշկական հիմնադրամի հետ համատեղ (Medical Foundation for the care of victims of torture):

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպությունը նույն թեմայով սեմինարների շարք է նախատեսում կազմակերպել նաև հետխորհրդային մյուս երկրների համար:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am