ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փոստանջյանները պատրաստվում են բողոքարկել համաներման որոշումը
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա եղբայրը պատրաստվում են բողոքարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, այն է' համաներման կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին:
Հունիսի 9-ին «Ուրբաթ» ակումբում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դատական հայցերով և այլ ճանապարհներով պատրաստվում է բողոքել իր, իր ընտանիքի անդամների և «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ կատարված բոլոր անօրինական գործողությունների դեմ և պատասխանատվության կանչել իրենց վնաս պատճառողներին:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց չի գոհացնում համաներման կիրառմամբ Տ.Փոստանջյանի ազատ արձակումը: Իսկ www.hra.am -ի այն հարցին' արդյո՞ք Տ.Փոստանջյանի կողմից համաներման ընդունումը չի բացառում դատարանի կայացրած որոշման բողոքարկումը, փաստաբանը պատասխանեց.
«Մենք փորձելու ենք ապացուցել, որ համաներման այս համաձայնությունը տրված է եղել ոչ թե կամովի, այլ' հարկադրանքի ազդեցության տակ' այլընտրանք չունենալով: Տիգրան Փոստանջյանն առարկել է իր նկատմամբ համաներում կիրառելու դեմ և միջնորդել է փոխել խափանման միջոցը: Եթե նա պահվեր այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին, մենք չէինք ընդունի համաներումը: Դուք պատկերացնո՞ւմ եք, մի մարդու խոշտանգեն, ասեն, «ուզո՞ւմ ես համաներում»: Նա կասի' «ես չեմ ուզում համաներում, բայց եթե պիտի խոշտանգեք, ես ստիպված համաձայնում եմ»: Սա խոշտանգում չէր, բայց, համենայն դեպս, այն պայմանները, որում նրան պահում էին, համարվում է դաժան վերաբերմունքի մի դրսևորում»:
Ալումյանի խոսքերով' եթե Վերաքննիչը մերժի իրենց բողոքը, իրենք մտադիր են հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ես կարծում եմ, որ հասնելու ենք արդարացման դատավճռի, որից հետո էլ, կարծում եմ, որ կկարողանանք հանրությանը ապացուցել, թե ովքեր էին կագնած այս հետապնդումների հետևում»,- նշեց փաստաբանը' ավելացնելով, որ գործի պատվիրատուն կամ Գլխավոր դատախազությունն է, որը ցուցում է իջեցրել Ազգային անվտանգության ծառայությանը, կամ էլ պատվերն իջեցրել են Գլխավոր դատախազության վրա:
Իր ասածը նա հիմնավորում է այսպես. «Ես դեռ էդպիսի գործ չէի տեսել, որ ձեռքի տակ ունենալով ընդամենը մի հաղորդում մի քաղաքացուց և ոչ մի ուրիշ նյութ, Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական վեբկայքում անմիջապես տեղադրի հայտարարություն այն մասին որ այսինչ անձը կատարել է այսինչ հոդվածով նախատեսված հանցագործություն, այլ ոչ թե' կասկածվում է հանցագործության կատարման մեջ կամ նման նյութ է ստացվել»:
Անմեղության կանխավարկածի խախտման հիմքով փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանն հայց է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազության դեմ: Մեկ այլ հայցով նա վիճարկում է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործողությունների օրինականությունը, որով նա ցուցում է տվել Տիգրան Փոստանջյանի գործի վարույթը փոխանցել Ազգային անվտանգության քննչական ծառայություն: Նշված երկու հայցերը գտնվում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Զարուհի Փոստանջյանը նաև հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել: Մեկը վերաբերում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի գործողություններին: Պատգամավորը պահանջում է քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում օրենքի ուժը կորցրած հոդվածի հիմքերով (հոդված 311.3.4' պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը կրկին անգամ) Տիգրան Փոստանջյանին 9 օր շարունակ անազատության մեջ պահելու համար:
Մյուս հաղորդումը վերաբերում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տիգրան Փոստանջյանին անմարդկային պայմաններում պահելուն, որի պատճառով Փոստանջյանը 21 օր գտնվել է հացադուլի մեջ:
Այս երկու հաղորդումների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
