ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորից հակասական ցուցմունք «Մոսկվա» կինոթատրոնի գործով
«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը դատարանում երկրորդ անգամ ցուցմունք տալիս մի քանի անգամ հակասեց իր նախկին ցուցմունքին։
Հիշեցնենք, որ նա հանդես է գալիս որպես տուժող կողմի ներկայացուցիչ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենն է, որտեղից 2010թ. հունվարի 10-ին 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի են գողացել։
Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ' ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի։
Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի կողմից արված ինքնախոստովանական ցուցմունքը, որն ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը պնդում են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են:
«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանն իր նախորդ ցուցմունքում հայտարարել է, որ գողության հաջորդ օրը տեսել է Ստեփան Հովակիմյանին, ով նրան հարցրել է, թե ինչու են իրեն կասկածում, սակայն հունիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ նա հայտարարեց, որ Հովակիմյանին չի տեսել։
Բացի այդ, Ազատյանը նախկինում հայտարարել է, որ տեսախցիկներով նկարահանած տեսանյութը մոնտաժելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները ներկա են եղել, բայց այսօր դատարանում նա նշեց, որ ոստիկաններ ներկա չեն եղել։
Ազատյանը չընդունեց, որ ինքը հակասական ցուցմունքներ է տալիս՝ նշելով, որ ինքն այլ բան է նկատի ունեցել, այլ բան են հասկացել։
Հունսիի 8-ին ցուցմունք տվեց նաև Վահրամ Քերոբյանը, ով հայտնեց, որ ինքը մեղավոր չէ ու հրաժարվեց որևէ ցուցմունք տալ և պատասխանել հարցերին, քանի որ նախորդ դատական նիստերից հասկացել է, որ իր ցուցմունքները ոչ ոք հաշվի չի առնում։
Ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը կներկայացվի հաջորդ դատական նիստին. հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
