Քոչարյանները շահեցին դատը. «Ժամանակը» կբողոքարկի վճիռը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 6-ին մասնակի բավարարեց Բելա և Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի:

Դատավոր Արայիկ Մելքումյանը թերթին պարտավորեցրեց անմիջապես հերքել Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամների պատվին ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցել 3 միլիոն դրամի չափով վնասը: Եւս 3 միլիոն Քոչարյանները պահանջել  էին որպես փաստաբանական ծառայությունների վճար, սակայն դատարանը հայցն այս մասով մերժեց:

Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տպագրված երեք հոդվածների առիթով: Թերթը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նախկին նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի «911» դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին' Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

«Ժամանակ» թերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վճիռն անօրինական է համարում. «Սա իրավաբանությունից հեռու որոշում է, եթե իրավաբանական չէ, ուրեմն քաղաքական է»։

Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր դեռ մայիսի 5-ին, սակայն դատարանը որոշեց վերսկսել քննությունը, բայց երկրորդ նիստից հետո դատավոր Արայիկ Մելքումյանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ն. Բաղդասարյանի կարծիքով' անտրամաբանական է,  օրինական համարել հայցվորի պահանջները, սակայն մերժել փաստաբանական ծառայությունների վճարի մասով նրա պահանջը, քանի որ այդ պահանջները «փոխկապակցված են իրար հետ»:

Բացի այդ փաստաբան Բաղդասարյանը ահիմն է համարում կոնկրետ այս դեպքում միևնույն տեղեկությունը  զրպարտություն և վիրավորանք համարելը. «Անհնար է՝ դատավոր Արայիկ Մելքումյանը չտարբերի զրպարտությունը վիրավորանքից։ Բայց դատարանը միևնույն տեղեկությունը համարել է և վիրավորանք, և զրպարտություն ու փոխհատուցում նշանակել երկուսի մասով էլ»։

Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքիր տեղեկություն հայտնեց մի փաստաթղթի մասին, որը նա գտել է գործի նյութերի մեջ, սակայն որը չի ներկայացրել կողմերից և ոչ մեկը։ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով' ամենայն հավանականությամբ, այդ անստորագիր տեղեկանքը կազմել է դատավոր Արայիկ Մելքումյանը:

«Տեղեկանքից ակնհայտ երևում էր, որ դատավորը իր կարծիքը գրել էր, թե ինչպես կարելի է կողմին օգնել: Մանրամասն գրված է, թե ինչպես պետք է իմ բերած հակափաստարկները մերժվեն: Փակագծերի մեջ գրված է, թե կոնկրետ որ հակափաստարկը ինչպես պետք է մերժվի: Կա'մ կազմել են, որ դատավորը դա արտագրի իր վճռի մեջ, կամ դատավորը ներկայացրել է իր դիտարկումները, որպեսզի հավանության արժանանան, մտցնի վճռի մեջ», - ասում է փաստաբանը:

«Դատավորը պատահաբար այդ փաստաթուղթը մինչև այս գործով վճիռ կայացնելը կցել էր գործին, այսինքն մենք տեղյակ էինք, որ նման որոշում է կայացնելու: Անիմաստ է դարձել փաստաբանի կամ կողմերի ներկայությունը առաջին ատյանի դատարանում, եթե վճիռը կայացվում է ոչ թե դատավորի, այլ վերադաս մարմնի կողմից», - ավելացրեց Բաղդասարյանը:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչը հայտարարեց, որ վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: Քոչարյանների ներկայացուցիչները չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am