Ոստիկանությունում ճնշման ենթարկվելու հանգամանքները կպարզի Հատուկ քննչական ծառայությունը

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Մհեր Արղամանյան) վերսկսել է Արկադի Գևորգյանի գործի քննությունը, ով առանց հիմնավոր ապացույցների, միայն նախաքննության ընթացքում տված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել:

28-ամյա Արկադի Գևորգյանը մեղադրվում է չորս գողություն և մեկ գողության փորձ կատարելու մեջ: Դատարանում նա հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքներից' ասելով, որ ինքնախոստովանությունը գրել է ճնշումների տակ, սակայն նրա ասածների իսկությունը պարզելու համար ոչինչ չի ձեռնարկվել:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի պաշտպան Գոռ Մարգարյանը հայտարարել էր, որ Արկադիին 5 օր շարունակ ապօրինաբար պահել են ոստիկանությունում, որտեղ ճնշման տակ և առանց պաշտպանի ներկայության նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել: Պաշտպանի հայտարարության հանգամանքները պարզելու համար մայիս ամսին վերաքննիչ քրեական դատարանը գործն ուղարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու:

Աղբյուրը' www.hra.am