ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով հակասական ցուցմունքները շարունակվում են
Վազգեն Հակոբյանը դատարանում հրաժարվեց նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքներից, որոնց համաձայն նա մեղադրում էր Ստեփան Հովակիմյանին «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ։
Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Նրանք ավելի քան մեկ տարի է կալանավորված են: Քրեական գործը դեռևս քննվում է ՝ առաջին ատյանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:
Տղաներին մեղադրում են Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ:
Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը պնդում են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են:
Մայիսի 25-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, Ստեփան Հովակիմյանի ընկերը՝ Վազգեն Հակոբյանը, հայտարարեց, որ նախաքննության ժամանակ քննիչ Տիգրան Կիրակոսյանը հայտնել է նրան, որ եթե ցուցմունք գրի, որ Մոսկվա կինոթատրոնում կատարված գողության մասին ոչ մի բան չգիտի, իրեն էլ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ Հովակիմյանն իր ինքնախոստովանության մեջ նրա անունն էլ է նշել։
«Ես մտածեցի, որ եթե ինքը խոստովանել է ու գրել է, ուրեմն այդպես էլ եղել է»,- ասաց Հակոբյանը։
Վազգեն Հակոբյանը երեք անգամ ցուցմունք է տվել, բայց ասաց, որ մինչև ցուցմունքը 8-9 անգամ քննիչը կանչել է ու զրուցել է հետը։ Այն մասին, որ ինքը կարող է փաստաբան ունենալ ու պատասխանատվության ենթարկվել սուտ ցուցմունքներ տալու համար իմացել է միայն ցուցմունքը գրելիս։ Նա որոշել է չհակառակվել քննիչին, որ ինքն էլ չհայտնվի ճաղերի ետևում։ Վազգեն Հակոբյանի ասելով՝ քննիչը թելադրմամբ ինքը գրել է, որ Հովակիմյանը խնդրել է իրեն օգնել գողության հարցում, իսկ ինքը հրաժարվել է։
Հակոբյանը նաև հայտնեց, որ Վահան Քերոբյանն առաջինն իրենից է իմացել, որ ինքն այս գործով հետախուզման մեջ է, նաև ասաց, որ քննիչին ինքն է տվել Քերոբյանի հեռախոսահամարը։
Նշենք, որ Քերոբյանին մեղադրում են ոստիկանությունից թաքնվելու մեջ, այն դեպքում, երբ քննիչը, ի սկզբանե իմացել է նրա գտնվելու վայրը, հեռախոսահամարը։ Քննիչը զրուցել է նաև Քերոբյանի մոր հետ, ով նույնպես տվել է նրա հեռախոսահամարը։ Բայց հետագայում բերման են ենթարկել Քերոբյանին՝ մեղադրելով նրան թաքնվելու մեջ, ինչի հետևանքով էլ դատավորը մերժել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելը վերացնելու միջնորդությունը։
Դատավարության ժամանակ ցուցմունք տվեց նաև Հովակիմյանի մյուս ընկերը՝ Վահե Բեկյանը, ով նշեց, որ Հովակիմյանը երբեք չի ասել, որ մեծ պարտք ունի Ռուսաստանում։
Երկու ընկերներն էլ նշեցին, որ տվել են ոսկե իրեր, որոնք Հովակիմյանը գրավատուն է դրել, որոնց գումարը կազմել է մոտ 200 հազար դրամ։ Այս պարտքը Հովակիմյանի հայրը մարել է տղայի կալանավորվելուց հետո։
Մոսկվա կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը ցուցմունք տալիս հերքեց, որ մինչև փետրվարի 6-ն իրենց շենք ոստիկաններ են մուտք գործել։ Նա հայտնեց, որ չգիտի, թե ինչպես են կորել տեսաձայնագրությունների ամբողջական տարբերակը և՛ իրենց մոտից, և՛ոստիկանությունից։
«Մեզ ասացին, որ 20 րոպեանոց տեսագրությունը չնայեն, մենք մեզ մոտ մոնտաժենք այն հատվածը, որտեղ գողություն անողն է երևում ու տանք իրենց»,- ասաց Ազատյանը։
Ազատյանը խորհուրդ տվեց տեսաձայնագրություններից չկառչել։
Նշենք, որ տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ Քերոբյանը չէր կարող գողություն անել, քանի որ տեսաձայնագրված կադրերում երևացող տղայի հասակը զգալիորեն բարձր է, իսկ ու այ տղային Հովակիմյանին նմանեցրել է միայն կինոթատրոնի մեկ աշխատակից՝ այն էլ միայն կոշիկների ձևով։
Երբ հարցրեցին Ազատյանին, թե ինչի՞ հիման վրա է Հովակիմյանին կասկածել, նա ասաց, որ բոլորը մտածել են, որ դա միայն կինոթատրոնի գանձապահ Գոհար Մանուկյանի մտերիմի ու նրա ընկերների ձեռքի գործը կլինի, ուստի իրենք էլ են այդպես կարծել։
Ազատյանն անհասկանալի բացատրություն տվեց դատարանում տոմսերի գումարների ցուցակի վերաբերյալ։ Այս տոմսերի քանակով է հաշվվել գողացված գումարի չափը։ Ազատյանը նշեց, որ դրանք տպագրվել ու ոստիկանությանն են տրամադրվել փետրվարին, այն դեպքում, երբ թղթերի վրա տպագրվելու ամսաթիվը համապատասխանում է հունվարի 5-12 ընկած հատվածին։ Նա պարզաբանեց, որ մեկ ամիս հետո էլ նույն ամսաթվով են փաստաթղթերը տպագրվել։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
