Ոստիկանները սպասում են ձեր հարցերին

Այսուհետ գործելու է «Ուղիղ կապ» ոստիկանների հետ, ովքեր ամեն շաբաթ մի թեմայի շուրջ կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

ՀՀ ոստիկանությունն այս կերպ փորձելու է ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը, ապահովել ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունը և քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տրամադրել:

Շաբաթվա որոշակի օրերի եւ ժամերի քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուները:

Հերթական «Ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա «Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:

Մայիսի 17-ին «Ուղիղ կապով» տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման, ինչպես նաև' վարորդական վկայականների հատկացման կարգի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերին կապատասխանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը: Հարցերը կարող եք ուղղել մայիսի 17-ին, ժամը 14.30-ից մինչև 15.30-ը' 54-73-14 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ոստիկանությունում սկսեց գործել նաև թեժ գիծ' քաղաքացիներից ոստիկանների ապօրինի գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: