Քերոբյանին ոչ մի վկա դեռ չի կասկածում

Մոսկվա կինոթատրոնի գողության գործով վկաներն իրենց հերթական ցուցմունքներով շարունակում են չապացուցել, որ գողությունը գուցե կատարվել  է Ստեփան Հովակիմյանի ու Վահան Քերոբյանի կողմից:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունվարի 10-ի գիշերը Մոսկվա կինոթատրոնից գողացել են 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գումար: Մոսկվա կինոթատրոնի ղեկավարությունը՝ տուժող կողմը, և դատախազ Սամվել Հարությունյանը պնդում են, որ գողությունը կազմակերպվել է Վահրամ Քերոբյանի կողմից՝ Սամվել Հովակիմյանի հսկողությամբ: Տղաների ծնողները և այլ վկաներ պնդում են, որ տղաները չեն արձանագրվել Մոսկվա կինոթատրոնի կողմից ներկայացված տեսաձայնագրություններում, որոնցում ցույց է տվում մի մարդ, ով հասակով ու տեսքով չի համընկնում ոչ Հովակիմյանի, ոչ էլ Քերոբյանի հետ։ 

Մայիսի 11-ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ քննվեց 4 վկա, որոնցից միայն մեկը' կինոթատրոնի գանձապահներից Եվգենիա Հարությունյանը, մեղադրում է Հովակիմյանին, քանի որ տեսագրությունում եղած երիտասարդի կոշիկների ձևը նմանեցրել է Հովակիմյանի կոշիկների ձևին: Քերոբյանի անունը որպես կասկածյալ ընդհանրապես չի նշվում ոչ մի վկայի կողմից:

Փաստաբանները չեն հասկանում՝ ինչպես կարելի է տեսնել կոշիկների ձևն անորակ տեսաձայնագրությունում, առավել ևս՝ միայն այդ հիմքով կասկածել Հովակիմյանին:Եվգենիա Հարությունյանը ցուցմունքի ժամանակ նշեց, որ թշնամաբար է վերաբերվում  Հովակիմյանին, քանի որ վերջինս մի քանի տարի առաջ փորձել է առանց տոմսի մտնել կինոթատրոնի դահլիճ, իսկ ինքը թույլ չի տվել, որից հետո էլ Հովակիմյանի պահվածքը չի հավանել:

Ցուցմունքներ տվեցին նաև գործով երկու մյուս վկաները՝ Մարիամ Եղիազարյանը և Գոհար Մանուկյանը, ովքեր ի տարբերություն Հարությունյանի հանցագործության օրը տնօրենի սենյակում հիշում էին քաղաքացիական հագուստով «հավանաբար» ոստիկանների, ովքեր իրենց հարցեր էին տալիս տեսաձայնագրության վերաբերյալ:  

Մարիամ Եղիազարյանը, ով այդ օրը աշխատանքի է եղել Ստեփան Հովակիմյանի ընկերուհու' Գոհար Մանուկյանի հետ, նայելով տեսագրությունները, դրանց մեջ ո´չ Ստեփան Հովակիմյանին է ճանաչել, ո´չ էլ' Վահան Քերոբյանին: Նա ընդհանրապես երրորդ անձի անուն է հնչեցնում' Հովակիմյանի ընկերներից Մհերին:

Չնայած նրան, որ շատերը կարծում են, թե Գոհար Մանուկյանը և Ստեփան Հովակիմյանը մտերմիկ հարաբերություններ են ունեցել, Մանուկյանը ժխտում է դա' ասելով, որ իրենք միայն ընկերական են շփվել: Նա դատական նիստի ժամանակ հայտնեց, որ առաջին անգամ, երբ իրեն Հովակիմյանի հետ տարան ոստիկանություն, քաղաքացիական հագուստով ոստիկանները հարցուփորձ անելիս փորձում էին նրան համոզել, որ Ստեփան Հովակիմյանի դեմ ցուցմունքներ տա:

«Գոռում էին, ասում էին, եթե հարցերին չպատասխանես կտանենք մեկուսարան, հայհոյանքներ չեն եղել, բայց ասել են, որ հեռախոսով կտան գխիս: Ասում էին, թե Ստեփանն ասել է, որ իբր թե ես եմ մեղավոր և ուզում էին, որ ես էլ  ցուցմունք տամ Ստեփանի դեմ, ասում էին, որ կինոթատրոնի աղջիկներն էլ են իմ դեմ ցուցմունքներ գրել»,- դատարանում ասաց Գոհար Մանուկյանը:

Դատական նիստը կշարունակվի մայիսի 25-ին' ժամը 15:00-ին:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am