ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանը համոզված է, որ դատը անհարկի ձգձգում են
Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանն արդեն երրորդ անգամ հետաձգում է Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստը։ Այս անգամ էլ պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին մերժման որոշումը Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել:
2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
Զարուհու քրոջ՝ Հասմիկի խոսքերով՝ հենց սկզբից հարս-սկեսուր հարաբերությունները լավ չեն եղել: Լիլիա Սարկիսովան դեմ է եղել մանկատնից իր տուն աղջիկ բերելուն: Զարուհու հանդեպ վերաբերմունքի տարբերությունը մյուս որդու կնոջ հետ նկատել են նաև հարևանները և ընկերները, ովքեր պնդում են, որ Զարուհին պարբերաբար ծեծի է ենթարկվել տանը։
Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այսինքն՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, որն էլ նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:
Ինչպես www.hra.am- ին հաղորդեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Գոռ Մարգարյանը, ինքը առարկել է դատարանի որոշմանը, քանի որ կարծում է, որ խախտվում են տուժող կողմի իրավունքները:
«Երբ որ պաշտպանը այդ որոշումը բողոքարկում է, ինքը դիմում է իրավունքի անարդյունավետ պաշտպանության միջոցին, նիստը, ստացվում է, որ անհարկի ձգձգվում է, դրա արդյունքում խախտվում են գործի քննության ողջամիտ ժամկետները, որը բավականին խիստ է գնահատվում Եվրոպական դատարանի կողմից գոնե այն դեպքերում, որտեղ մահվան ելք կա»,- հայտարարում է Մարգարյանը
Հաջորդ դատական նիստը կկայան հունիսի 3-ին ժամը 12:00-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը` www.hra.am
