ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանյան մամուլի դատական հետապնդումները շարունակվում են

«Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - համոզված են հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները:
Կիրակի օրը կազմակերպության կողմից հրապարակված հատուկ հայտարարության մեջ կարդում ենք. - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների: Մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը», - նշում են կազմակերպության փորձագետները' հավելելով. - «Թերթերը լռեցնելու նպատակով դատական հայցերի օգտագործման պրակտիկային հարկ է վերջ տալ»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները նկատում են, որ թեև զրպարտության և վիրավորանքի համար քրեական պատիժը վերացվեց 2010-ի ապրիլին, ինչն ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ' «պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են»:
Կազմակերպության հայտարարության մեջ նաև արձանագրված է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց և դրանց գլխավոր թիրախն անկախ պարբերականներն են:
«Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացվել է 3 դատական հայց, հայցեր են ներկայացվել նաև «Հայկական ժամանակ» և «Հրապարակ» պարբերականների դեմ», - նշում են կազմակերպության փորձագետները' ընդգծելով. - «Հայցվորի դերում հաճախ է հանդես գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Ինքը' Քոչարյանը, նույնպես վերջերս դիմեց դատարան' «Հրապարակ» օրաթերթին մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ: Թեև հայցով դատարան դիմելու որոշակի հիմքեր գուցե առկա էին, այնուհանդերձ լիովին հիմնազուրկ էր պարբերականի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու' հայցվորի ներկայացրած պահանջը: Թեև այդ որոշումը հետագայում վերանայվեց, այնուամենայնիվ նախկին նախագահի գործողությունները շարունակում են վտանգ պարունակել, քանի որ կարելի է ենթադրել, որ ներկայացվող հայցերի իրական նպատակը պարբերականի սնանկացումն է»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հայտարարությունում նաև նշում է. - «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել այս գործերի ընթացքին:
Վերը հիշատակված դատական հայցերից բացի կազմակերպության ներկայացուցիչները ներկա կգտնվեն պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի' «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացված հայցի քննությանն ու «Գլենդեյլ Հիլզն» ըննդդեմ «Ժամանակի» դատական պրոցեսին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև համոզմունք է հայտնում. - «Մամուլի ինքնակարգավորումը Հայաստանում պետք է զարգանա, իսկ նման հայցադիմումների քննության ընթացքում դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին»:
Աղբյուր` www.azatutyun.am
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության ամբողջական տարբերակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ:
