ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանի խոսելու և գործելու մեկնարկը տրված է (վիդեո)
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ մայիսի 1-ին խոսքի ազատության ֆորում է նախատեսում կազմակերպել, որտեղ առաջարկելու է հանրային հսկողության մեխանիզմ' զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո դատավորների կողմից օրենքի ոչ պատշաճ կիրառման դեմ:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր' ապրիլի 26-ին, ՄԻՊ գրասենյակում անցկացրեց երկար սպասված հրապարակային ասուլիսը: Քննարկումներ ծավալվեցին Կարեն Անդրեասյանի'ընդդիմության և իշխանության միջև երկխոսության միջնորդ դառնալու առաջարկի, վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացումից հետո լրատավամիջոցների պաշտպանության և դատական համակարգի ոչ անաչառ լինելու, ինչպես նաև' ներկայումս լրատվամիջոցների կողմից անտեսվող, բայց Անդրեասյանի կարծիքով' ոչ պակաս կարևոր հարցերի շուրջ:
«Մենք մարդկանց չենք կարող պաշտպանել ոչ պետական մարմիններից, իսկ ոչ պետական մարմիններից միայն դատարանն է, որից չենք կարող պաշտպանել, քանի որ դատարանն է կոչված պաշտպանել մարդկանց իրավունքները, այսինքն' մենք մարդկանց մեջ հարաբերությունների մեջ չենք կարող մտնել, մարդու և գործատուի, մարդու և մասնավոր ընկերության, մարդու և մարդու հարաբերության մեջ այս գրասենյակը օրենքով իրավունքն չունի միջամտել»,- ասաց Անդրեասյանը, երբ հարց հնչեց, թե կարող է իրենց ինստիտուտը պաշտպանել մարդկանց օլիգարխներից:
Լրագրողների հարցին' թե ո՞րն է լինելու ՄԻՊ գործողությունը, եթե իրավախախտ օլիգարխը պետական մարմին է ներկայացնում և ԱԺ պատգամավոր է, Անդրեասյանն ասաց.
«Ազգային ժողովը պետական հիմնարկ չէ, և ԱԺ պատգամավորից մենք չենք կարող պաշտպանել, բայց եթե որևէ լրագրողի վիրավորում են ու կիրառում են բռնություն և ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում, լրագրողը կարող է մեզ դիմել, և մենք արդեն ոստիկանության անգործությունից կպաշտպանենք լրագրողին»,- հավաստիացրեց Անդրեասյանը:
Անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացումից հետո ԶԼՄ նկատմամբ դատերի առատությանը և իր հասցեին հնչող մեղադրանքներին, Անդրեասյանը նշեց, որ իրեն կրկնակի մեղավոր չի համարում:
«Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակի համար, ես առավել ևս ինձ մեղավոր չեմ կարող համարել, որովհետև մարդը' որպես իրավաբան առաջարկություն է արել, և հետո տեղի են ունեցել օրենսդրական գործառույթներ, որին ինքն ընդհանրապես չի մասնակցել, հիմա էլ կիրառում է տեղի ունենում, որտեղ նա նույնպես մասնակցություն չի կարող ունենալ»,- ասաց Անդրեասյանը:
ՄԻՊը նշեց որ մտահոգված է, որ դատավորները լռությամբ են պատասխանում իր ուղերձին, քանի որ կարծում է, որ իրականում օրենքը շատ լավն է, պարզապես սխալ է կիրառվում հենց դատավորների պատճառով:
Քննարկվեց նաև Անդրեասյանի'վերջերս արած առաջարկը ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսության միջնորդ լինելու համար: Անդրեասյանը համոզված է, որ պաշտոնական գրավոր պատասխան կստանա ՀԱԿ-ից և իշխանությունից ու պատասխանները չի բացառվում, որ կլինեն դրական, անգամ եթե այժմ իրեն մեղադրում են, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում:
«Ես դեռ չեմ կարծում, որ սպառվել է հնարավորությունը, ես' որպես իրավաբան կարող եմ ապացուցել, որ իրավաբանորեն ունեմ այդ հնարավորությունը, այդ հայտարարություններ անողները պետք է պարզապես կարդան «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և ՀՀ Սահմանդրությունը, որ հասկանան, որ ես ունեմ այդ իրավունքը»,- հայտնում է Անդրեասյանը:
Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, թե հետագայում ինչ կլինի, քանի որ միջնորդի դեր է ստանձնել:
Կարեն Անդրեասյանը նաև հայտարարեց, որ սովորական քաղաքացիներին առնչվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն այսօր պակաս ուշադրության արժանի չեն, քան արդեն իսկ մեծ աղմուկ հանած հանրային գործիչների ու լրագրողների շուրջ գործերը:
Նշենք, որ Անդրեասյանի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում ստացվել է 300 դիմում, որոնցից միայն 50-ին է ընթացք տրվել, քանի որ մյուս դիմումները սխալ հասցեով են եկել քաղաքացիների ոչ տեղյակ լինելու պատճառով:
Անդրեասյանն առանձնացրեց հետևյալ կառույցները, որոնց հետ խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել իրենց' ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ոստիկանություն, դատախազություն, զինված ուժեր, քրեկատարողական հիմնարկներ, աշխատանքի պետական տեսչություն, պետեկամուտների կոմիտե, սոցիալական ապահովության ծառայություն և այլն:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
