ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների մասին 2010թ.-ի զեկույց

Ապրիլի 8-ին, 2011թ, ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2010թ.-ի Մարդու իրավունքների մասին զեկույցը: Զեկույցում' Հայաստանին վերաբերյալ հատվածում, մասնավորապես նշվում են հետևյալ կետերը:
Խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը սահմանափակվել է ընտրությունների անցկացման ընթացքում տեղ գտած կրկնվող, նշանակալի բացթողումների պատճառով, այդ թվում նաև հունվարին խորհրդարանական մեկ տեղի համար կայացած լրացուցիչ ընտրությունների ընթացքում:
Անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ, լինելով քաղաքացիական առաջնորդների ենթակայության ներքո, շարունակել են անպատժելիորեն թույլ տալ մարդու իրավունքների ոտնահարումներ:
Տարվա ընթացքում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել են կասկածելի մահվան դեպքեր, և շարունակվել են կանոնակարգային հարաբերությունների խախտումները և վատ վերաբերմունքը զորակոչիկների հանդեպ սպաների և ծառայակից զինվորների կողմից, ինչպես նաև շարունակվել է պատասխանատվության բացակայությունն այդպիսի արարքների համար:
Ըստ հաղորդումների ոստիկանությունը ձերբակալելիս և հարցաքննությունների ժամանակ ծեծի է ենթարկել քաղաքացիներին: Գերբնակեցվածության պատճառով զգալիորեն վատացել են բանտային պայմանները:
Իշխանությունները շարունակել են քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել և բերման ենթարկել առանց ողջամիտ կասկածի, և կամայականորեն բերման ենթարկել անձանց իրենց ընդդիմադիր քաղաքական պատկանելության կամ քաղաքական գործունեության համար:
Դատարանները շարունակել են ենթարկվել քաղաքական ճնշման գործադիր ճյուղի կողմից և դատավորներն էլ գործել են դատական այն մշակույթի միջավայրում, երբ ակնկալվում է գրեթե բոլոր գործերով մեղադրյալի հանդեպ կայացնել մեղադրական դատավճիռ:
Տարվա ընթացքում իշխանություններն ազատ արձակեցին չորս հոգու, ովքեր 2008թ. նախագահական ընտրությունների ու հետընտրական բողոքների հետ կապված դատապարտվել էին՝ պատշաճ իրավական ընթացակարգերի խախտումներով և ակնհայտ քաղաքական շարժառիթներով ընթացած դատավարությունների արդյունքում: Այդ դեպքերի առնչությամբ դատապարտված ևս երկու անձ ազատ արձակվեց բանտից՝ սահմանված պատիժն ամբողջությամբ կրելուց հետո, իսկ մի քանի հոգի դեռ գտնվում են ազատազրկման մեջ:
Զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես՝ հեռուստաեթերում շարունակում են բացակայել բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը. բռնության, ահաբեկման միջադեպերը և ինքնագրաքննությունը լրատվամիջոցներում և նրանց դեմ շարունակվել են:
Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի որոշակի վայրերում հավաքներ ու հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները՝ երբեմն տրամադրելով այլ վայր, և երբեմն էլ կանխել են մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:
Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը:
Խնդրահարույց է մնացել կոռուպցիան, որի դեմ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկում:
Տարածված էր ընտանեկան բռնությունը, սակայն այն հիմնականում չէր հաղորդվում պատկան մարմիններին:
Խնդիր էր հանդիսանում թրաֆիքինգը, սակայն իշխանությունները ձեռնարկել են դրա դեմ պայքարի միջոցներ:
Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
