ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենն ընտրվեց անայլընտրանք ընտրությունում

Այսօր խորհրդարանը 83 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ օմբուդսմեն ընտրեց Կարեն Անդրեասյանը: «Ժառանգությունը» չմասնակցեց քվեարկությանը: Դեմ քվեարկեցին ՀՅԴ պատգամավորները:
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց 13 «դեմ» քվեարկողներին` նշելով, որ նրանք բարձրացրին նշաձողն, ինչն իրեն կստիպի առավել լավ աշխատել և հասնել դրական գնահատականի նաև դեմ քվեարկողների կողմից:
«Ստանձնելով ՄԻ պաշտպանի պաշտոնը` երդվում եմ հավատարիմ լինել Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու, քաղաքացու ազատություններն ու իրավունքները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նորընտիր օմբուդսմենը:
Իսկ մինչ ընտրությունը ելույթ ունեցած ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք ոչ թե դեմ են Կարեն Անդրեասյանի անձին, այլ նրա առաջադրման կարգին ու ձեւին, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի հնարավորություն չունեցավ այլընտրանքային թեկնածու առաջադրել, իսկ թե ինչպես եւ որտեղ է ընտրությունը կանգնել հենց Անդրեասյանի վրա, այդպես էլ գաղտնիք մնացել ընդդիմության համար:
Բացի այդ, Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ մինչ իր ելույթը «խրատով» հանդես եկած ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի ելույթին, որտեղ նա ուղղակի կոչ արեց օմբուդսմենին հեռու մնալ քաղաքական շարժումներից, արդար ընտրությունների գաղափարի շուրջ ՀՅԴ ծավալած շարժումից եւ ընդհանրապես քաղաքականությունից:
Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ դեռ չընտրված օմբուդսմենին արդեն Ռաֆիկ Պետրոսյանը խրատներ է տալիս նա ում շահերը պետք է պաշտպանի Ռաֆիկ պետրոսյանի, թե մարդկանց:
ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկած Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց հակառակ Անդրեասյանի պատկերացումների, որքան հնարավոր է հեռու մնալ քաղաքականությունից:
«Ձեր լավ աշխատելու գրավականը կլինի այն, որ ձեզնից դժգոհ լինի եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
