«Միլանոյի» գործով նոր բողոք. վիճարկում են առաջին ատյանի դատարանի վճիռը

«Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը քննվեց փետրվարի 10-ին ՀՀ վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Ն.Բարսեղյան, դատավորներ՝ Ն.Հովսեփյան, Ա.Մկրտչյան):

«Օլիմպ» կոոպերատիվը պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հոկտեմբերի 6-ին կայացրած վճիռը: Այդ վճռով «Օլիմպին» պատկանող «Միլանո» խանութի տարածքի (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 4) սեփականության իրավունքը գրանցվել է «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ անունով: Ավելի վաղ՝ 2007թ.-ին նույն տարածքը ճանաչվել էր «գերակա հանրային շահ»:
Առաջին ատյանի դատարանում սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հայցի քննությանը մասնակից չի դարձել ո՛չ տարածքի սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ն, ո՛չ ՀՀ կադաստրի պետական կոմիտեն: Ըստ «Օլիմպ» ԱԿ փաստաբան Հայկ Ալումյանի՝ իր վստահորդի իրավունքները կոպտորեն ոտնահարվել են, քանի որ նա մասնակից չի դարձել անմիջականորեն իրեն վերաբերող գործի քննությանը:

«Արդյունքում խախտվել է Կոնվենցիայի 6(1) հոդվածը: «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն մասնակցել է դատաքննությանը, ապացույցներ է ներկայացրել, տվել է բացատրություններ և բերել է հիմնավորումներ, հայտնել է իր կարծիքը և միջնորդություններ է ներկայացրել դատարան, սակայն դատավարական այդ բոլոր իրավունքներից չի օգտվել կոոպերատիվը»,- գրված է «Օլիմպ»-ի վերաքննիչ բողոքում:

Հայկ Ալումյանը նաև շեշտում է այն հանգամանքը, որ մինչ օրս «Օլիմպ» կոոպերատիվին չի տրվել գույքը պետության կարիքների համար վերցնելու դիմաց ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված նախնական համարժեք փոխհատուցումը:

Դատավարությանը ներկա չէր «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ ներկայացուցիչը, որը պատշաճ կարգով ծանուցված էր: Ուստի գործի քննությունը կատարվեց առանց պատասխանող կողմի: Վերաքննիչ դատարանը բողոքի վերաբերյալ վճիռը կհրապարակի փետրվարի 18-ին, ժամը 16:30-ին:

Նիստի ավարտից հետո «Օլիմպ» ԱԿ փաստաբան Հայկ Ալումյանը հավելյալ պարզաբանումներ արեց: «Երկու դեպքում կարող է պատասխանող կողմը իրեն թույլ տալ չգալու դատավարությանը: Մեկը՝ եթե նրա համար այնքան էլ էական չէ դատավարության ելքը, բայց սա այդ դեպքը չէ, որովհետև լուրջ գույքային իրավունքներ են շոշափվում, և երկրորդ՝ եթե ինքը նախապես կանխորոշում է, թե ինչով է ավարտվելու դատավարությունը: Կարծում եմ, այստեղ երկրորդ դեպքն է»,- «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության ներկայացուցչի բացակայությունը այսպես մեկնաբանեց փաստաբանը:

Նրա խոսքերով՝ սա իր վստահորդի իրավունքների խախտման հերթական դեպքն է: Հաշվի առնելով իրենց ունեցած փորձը՝ նա վստահ չէ, որ իրենց բողոքը կբավարարվի: «Պատվիրատուն երևի շատ ազդեցիկ է: Դատարանները հավանաբար դժվարանում են այդ պատվերը չկատարել»,- ենթադրում է Ալումյանը: Հաջորդ քայլը լինելու է Վճռաբեկ, այնուհետև՝ Եվրադատարան դիմելը: Փաստաբանի համար ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր խնդիրները լուծվեն հայաստանյան, այլ ոչ թե եվրոպական դատարաններում, որպեսզի մեր պետության հեղինակությունը չտուժի:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am