Հայաստանում գործող թեժ գիծը երեխաներին կպաշտպանի ինտերնետային վտանգներից

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի թեժ գիծն սկսել է զանգեր ստանալ նաև ինտերնետային հարցագործությունների վերաբերյալ։ Այսուհետ թեժ գիծը կսկսի պաշտպանել երեխաներին նաև ինտերնետային հանցագործություններից։ Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Նրա խոսքով՝ թեժ գիծը, որի հեռախոսահամարն է 080061111-ը, կարելի է անվճար զանգահարել 24  ժամ, այն ապահովում է հանրապետական ծածկույթ:

«Սկզբում այս համարով զանգում էին երեխաները, ուսուցիչները կամ ծնողները և տեղեկացնում երեխայի կյանքի ինչ-որ դժվարին իրավիճակի մասին և համապատասխան մեր աշխատանքային խումբը արձագանքում էր դրանց, սակայն վերջին 1-2 տարում զանգեր ենք ստանում նաև ինտերնետի և բջջայինի միջոցով կատարված գործողությունների մասին»,-ասաց Մ. Անտոնյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետի կամ բջջայինի միջոցով ստացվող զանգերը, ոչ ցանկալի հրավերները կամ առանց իրենց գիտության անպատշաճ բովանդակությամբ նամակներ ուղարկելու փաստերը դեռևս առանձին բնույթ են կրում, և լայն տարածում չունեն, սակայն դրանք ևս կարող են տհաճ ավարտ ունենալ։

Մ. Անտոնյանի խոսքով՝  թեև նման դեպքերը դեռևս շատ չեն, բայց ինտերնետը, ինչպես և բջջային հեռախոսը, կամաց-կամաց զանգվածային գործածություն են ունենում և շուտով խոսելու ենք այդ ամենի միջոցով կատարվող հանցագործությունների թվի տոկոսների մասին։

Նշենք, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել «Մայքրոսոֆթ» և «Վորլդ Վիժն» ընկերությունների աջակցությամբ։

Աղբյուր' www.news.am