ԶԼՄ օրենսդրության բացերը: Փորձագետները պահանջում են պարզեցնել լիցենզավորման կարգը

ԶԼՄ ոլորտի օրենսդրական դաշտի բացերն ու խոսքի և մամուլի ազատության խնդիրն էին քննարկվում հունվարի 27-ին կազմակերպված «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010-ի անդրադարձները և 2011-ի միտումները» խորագրով կոնֆերանսի ժամանակ:

Կազմակերպիչը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն էր՝ համագործակցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի:

«ԵԱՀԿ գրասենյակը ուշի-ուշով հետևում է ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության դեպքերին: Ընդգծում ենք, որ հանցավորների բացահայտումը կնպաստի դեպքերի կանխարգելմանը»,- ողջույնի խոսքում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Հայ և միջազգային փորձագետները, ուսումնասիրելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը և ոլորտը կարգավորող մյուս իրավական ակտերը, մատնացույց են անում մի շարք թերություններ:

Հանրային խորհրդի անդամ, իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը կարծում է, որ պետք է վերանայվեն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և Հանրային խորհրդի ձևավորման սկզբունքները, լիցենզավորման գործընթացում պետք է հստակություն լինի, հեռարձակողներին լիզենցիայի տրամադրման կամ մերժման պատճառները պետք է լինեն հիմնավորված գրավոր տեսքով, ուշադրություն պետք է դարձվի լեզվի հարցին, գովազդին և այլն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքերով՝ իշխանությունները միշտ ձգտում են իրենց ձեռքում պահել ամենազանգվածային լրատվամիջոցի՝ հեռուստաընկերությունների լծակները: Դա է պատճառը, որ  հեռուստահեռարձակման մրցույթների գործընթացը միշտ քաղաքականացվում է:

Փորձագետն ընդգծում է լիցենզավորման պարզ ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը, այն է՝ դիմել լիազոր մարմնին, ստանալ լիցենզիա, ընտրել հեռարձակման ձևը՝ կաբելային, արբանյակային և այլն: Դրան զուգահեռ 10 տարին մեկ ՀՌԱՀ-ը կարող է հայտարարել պետական շահագործման կապուղիների մրցույթ, որին կարող են մասնակցել լիցենզիա ունեցող հեռուստահեռարձակողները:

Մեսրոպ Հարությունյանի կարծիքով պակաս կարևոր չէ հանրության իրազեկման խնդիրը: Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է ենթադրում թվայնացումը, և 2015թ.-ից հետո ինչ է իրենց սպասվում, ասում է նա:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ Անդրեյ Ռիխտերն ասում է, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին, որպեսզի զանգվածային լրատվամիջոցների դաշտը համապատասխանի եվրոպական ստանդարտներին:

Օրենքի հիմնական բացերից մեկը, ըստ Ռիխտերի, այն է, որ հեռարձակման կարգավորման մոդելը հստակ և թափանցիկ չէ և կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, իսկ նման օրենքները հարիր չեն ժողովրդավար պետությանը: Նրա կարծիքով՝ օրենսդրական թերությունների պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը չի միացել «Անդրսահմանային հեռուստատեսության մասին» Եվրոպական կոնվենցիային:

«Եվրոպական երկրներում թվայնացումից հետո ալիքների թիվն ավելանում է: Բայց Հայաստանում հակառակ պատկերն է»,- ասում է փորձագետը՝ ավելացնելով, որ բոլոր հարցերն ու գաղափարները պետք է հանգամանալից քննարկվեին գործընթացի մեջ մտնելուց առաջ:

Նույն կարծիքին է նաև ԵԽ փորձագետ, Տեղեկատվական հասարակություն կազմակերպության խորհրդատու Քրիստիան Մյոլլերը: Նա ընդգծում է նաև շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը այդ քննարկումներին:

Լիցենզիա տրամադրող մարմինը պետք է անկախ լինի կառավարությունից, լիցենզիայի կասեցումը պետք է դիտվի որպես միջամտության ծայրահեղ ձև, օրենքում պետք է լինեն նաև այլ՝ ավելի մեղմ սանկցիաներ: Հիմնականում այս խնդիրներին անդրադարձավ ԵԽ փորձագետը իր զեկույցում:

Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն համոզված է, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված վերլուծությունը մեծ օգուտ կարող է տալ գործող օրենսդրության բարելավման առումով: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը խոսեց ԶԼՄ-ների բովանդակային կարգավորման խնդրից: ՀՌԱՀ-ը և Հանրային խորհուրդը հեռուստահեռարձակողների համար մշակել են էթիկայի չափորոշիչներ, որոնք հստակ սահմանում և ձևակերպում չունեն: Բացի այդ, որևէ մարմնի կողմից որևէ կերպ չի վերահսկվում դրանց կատարումը, և հայտնի չէ մի դեպք, երբ որևէ հեռուստաընկերություն պատասխանատվության ենթարկվի չափորոշիչները խախտելու համար: Սա հիմք է տալիս Լևոն Բարսեղյանին հայտարարելու, որ բովանդակային կարգավորման գործընթացը ձախողվել է:

Խոսքի ազատության, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտման և վերջերս կայացած հեռուստակապուղիների մրցույթի մասին զեկույցներ ներկայացրեցին «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Աննա Իսրայելյանը, ով լուսաբանել է հեռուստաընկերությունների լիցենզավորման և կապուղիների մրցույթները, կատեգորիկ հայտարարեց, որ իրականում մրցութային գործընթաց տեղի չի ունեցել և ամեն ինչ եղել է նախապես պլանավորած և համաձայնեցված սցենարով:

Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը մինչ օրս չի կատարվել ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ իրավապաշտպանի՝ լավագույն լուծումը կլիներ առանց մրցույթի «Ա1+»-ին կապուղի տրամադրելը:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ բռնությունները լրագրողների հանդեպ կրճատվել են, սակայն փորձը ցույց է տալիս, որ բռնությունները շատանում են քաղաքական իրավիճակի սրմանը զուգահեռ, մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ և հետընտրական շրջանում:

Զեկույցների վերաբերյալ քննարկում ծավալվեց, հարցեր և խնդիրներ բարձրացվեցին: Առաջարկ եղավ նույնիսկ օրենքով սահմանափակել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորությունները:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am