Փողոցային առևտրով զբաղվողները քաղաքապետից աշխատանք են պահանջում

Տասնյակ առևտրականներ չորեքշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել' դժգոհելով փողոցային առևտուրը վերացնելու' Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ:

«Մի զրկեք մեզ հանապազօրյա հացից», «Քաղաքապետ, ժողովուրդը քեզ չի ընտրել» և նմանատիպ կարգախոսներով ցուցարարները պահանջում էին, որ քաղաքապետը անձամբ դուրս գա և հանդիպի իրենց հետ: 

Վարդանանց փողոցի վրա տեղակայված շինարարական ապրանքների շուկայում տարիներ շարունակ առևտրով զբաղվող Արման Առաքելյանն ասում է, որ շուկայի իր շուրջ 200 գործընկերների նման, պահում է հաշվապահ, ՀԴՄ մեքենա ունի, նաև տեղի վարձ է վճարում, բայց արդեն 2 օր է' զրկված է գումար վաստակելու հնարավորությունից:

«6 տարի առաջ է այդ որոշումը դուրս եկել, բայց այս 6 տարվա մեջ 5-6 քաղաքապետ է փոխվել, բոլորն էլ հասկացել են, որ չի կարելի մարդկանց զրկել աշխատելու և ապրելու իրավունքից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Առաքելյանը: - «Այսօր ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն այդքան աշխատատեղ չի ապահովում, ինչքան փողոցային առևտուրը: Մարդիկ բնակարան են գրավ դրել, ինչ-որ լուծումներ են գտել իրենց ընտանիքները պահելու համար, ու այսօր քաղաքապետը ամենաքիչը 12 հազար քաղաքացու' Երևանի բնակչի, դարձրեց գործազուրկ», - հավելեց նա:

Մանրածախ առևտրով զբաղվողներին այդպես էլ չհաջողվեց որևէ պատասխան ստանալ: Փոխարենը' լրագրողներին որոշ պարզաբանումներ տվեց քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը: 

«Օրենքով չթույլատրված ոչ մի արարք չի կարելի արդարացնել սոցիալական տեսանկյունից: Այդ բացօթյա առևտուրը ոչ միայն օրենքով է արգելվում, այլև վնաս է առողջությանը: Իրենց, գուցե ձեռնտու չէ տեղափոխվել, որովհետև մայթում տնտեսապես ավելի ձեռնտու է առևտուր անել: Տարածքի վճար չեն կատարում, որպես տնտեսվարող սուբյեկտ հարկային վճարումներ գուցե կատարում են, բայց դա չի նշանակում, որ կարելի է առևտուր կատարել ցանկացած տեղ», - հայտարարեց պաշտոնյան:

Հովհաննես Ղալեչյանի խոսքով, քաղաքապետարանը փողոցային առևտուրն արգելելու որոշման մասին տեղեկացրել էր դեռ հունվարի 3-ին: Քաղաքապետարանի առաջարկն է' կազմակերպել առևտրի նոր շուկաներ, կամ էլ, ըստ նրա, մասնավոր հատվածը' սուպերմարկետների տերերը, տնտեսական շահից ելնելով, կարող են առևտրի համար տարածքներ հատկացնել:

Այս փաստարկները, սակայն, բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդունում և շարունակում են արդարություն պահանջել քաղաքապետ Կարեն Կարապետյանից:

Աղբյուր' www.azatutyun.am