Բաց նամակ Գրիգոր Ամալյանին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների կողմից բաց նամակ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին:

«Հարգելի պրն. Գ. Ամալյան «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձայան որի' ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը: ԱԼՄ ՀԸ միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստաալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով: Հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձիք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց»,- ասված է բաց նամակում:

«Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդները պահանջում են չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամնությունը' չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը: 

Նրանք նաև խնդրել են օրենքով սահմանված կարգով պատասխան նամակում նշել թվային հեռարձակման լիցենզիա ստացած այն ՀԸ-ները, որոնց մրցութային փաթեթներում ներառված են հաղորդումներ (լրատվական, ինչպես նաև այլ բնույթի)' ժեստերի լեզվի ուղեկցությամբ և արդյոք նախատեսվում է դրանց հեռարձակումը հունվարի 20-ից: 

Նշենք, որ բաց նամակի պատճեններն ուղղարկվել են նաև ' ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանին:

Աղբյուր' www.panorama.am