Արդարադատության համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն, խոստանում է նախարարը

Խախտելով ընդունված ավանդույթը` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել ոչ թե պաշտոնավարումից 100 օր, այլ` մեկ ամիս անց: Նրա նպատակն է մամուլի հետ բաց երկխոսության հիմք դնել, ներկայացնել առկա խնդիրները և դրանց լուծման «փիլիսոփայությունը»:
«Ո՛չ կարճաժամկետ պոպուլիստական լուծումներին» և «այո՛ հեռանկարային ինստիտուցիոնալ լուծումներին»,- հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ ինքը տեսնում է առկա բոլոր խնդիրների լուծման ճանապարհը, պարզապես դրա համար ժամանակ է հարկավոր:

Արդարադատության նախարարը համակարգի ամենախոցելի օղակներից մեկը համարում է քրեակատարողական հիմնարկները. «Մեր պետության քրեակատարողական քաղաքականությունը լուրջ վերափոխումների անհրաժեշտություն ունի, որովհետև այն ֆունկցիաները, որ դրված են այս հիմնարկների առջև, ըստ էության, չեն կատարվում, այն է` վերադաստիարակված, ուղղված քաղաքացի ունենալ պատիժը կրելուց հետո: Ցավոք, վիճակագրությունը անգամ հակառակն է ասում, որ կրկնակի հանցագործության թվերը գնալով աճում են»:

Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրը լուծելու միակ ճանապարհը, նախարարի կարծիքով, նոր ՔՀԿ-ներ կառուցելը չէ: Ըստ Թովմասյանի` նոր ՔՀԿ-ների կառուցումը ավելի շատ պայմանավորված է ռեժիմների փոփոխությամբ: Խորհրդային տիպի «կազարմային» խցերից իրենք աստիճանաբար անցում են կատարելու դեպի մենախցերը:

Կան այլ տիպի պատժատեսակներ, որոնք, ըստ նախարարի, քիչ են կիրառվում, ինչպես, օրինակ, տնային կալանքը: Նրա խոսքերով` կալանքի դերը, որպես պատժատեսակ, պետք է մեծացվի: «Փորձը ցույց է տալիս, որ մի քանի տարի տևողությամբ ազատազրկումը ավելի խիստ պայմաններով կարճաժամկետ կալանքով փոխարինելը երբեմն շատ ավելի արդյունավետ է»,- ասում է Թովմասյանը: Նա նաև կարծում է, որ պետք է վերանայվի որոշ հանցագործությունների համար ազատազրկումը որպես պատժամիջոց կիրառելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը:

www.hra.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը ՔՀԿ-ներում, արդարադատության նախարարը պատասխանեց. «Կան ուրախալի փաստեր և կան շատ մտահոգիչ փաստեր: Ուրախալի է այն, որ վերջին երեք տարում մեր ՔՀԿ-ներում սպանության դեպք չի արձանագրվել, սա իրոք բացառիկ է... Ինքնասպանություններ լինում են, սա քրեակատարողական հիմնարկի այն խնդիրներից է, որոնց անդրադարձանք: Օբյեկտիվ պատճառները բավականին շատ են, սուբյեկտիվ պատճառները, կապված որոշակի իրավունքների խախտման և այլնի հետ, կդառնան նախարարի քննարկման առարկան, դրանք լուծումներ կստանան: Բայց ինձ այս ոլորտում ավելի հեռանկարային և հիմնարար լուծումներ են հետաքրքրում»:
ԴԱՀԿ ծառայության պետը կշարունակի պաշտոնավարել: «Իրավական պետությունում անձին նույն արարքի համար երկու անգամ չեն կարող պատասխանատվության ենթարկել: Նա արդեն ենթարկվել է տույժի: Այլ խախտումների պարագայում, նախորդ իր նկատողությունը հաշվի է առնվելու»,- ասաց Թովմասյանը:

Մարտի 1-ի դեպքերի համար արդարադատության նախարարը, որպես մարդ, ցավ է ապրում, որ իր երկրում նման դեպք է տեղի ունեցել: «Որպես նախարար իմ աշխատանքը լինելու է, որ այսուհետև մեզանում հետընտրական նման զարգացումներ չլինեն»,- հավատացնում է նա:

Որպես իրավաբան` Հրայր Թովմասյանը չի ընդունում «քաղբանտարկյալ» տերմինը և կարծում է, որ քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք Հայաստանում չկան: «Ուրեմն, ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանը քրեակա՞ն հանցագործ է» հարցին նա այսպես պատասխանեց. «Դա ես չեմ ասում, դա դատարանն է ասում: Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ վճռաբեկ դատարանի որոշումնե՞րը: Ես նման լիազորություն չունեմ»:

www.hra.am-ը արդարադատության նախարարին հարց ուղղեց նաև պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմներում կատարվելիք բարեփոխումների մասին: «Իմ որոշ դիտարկումները ցույց են տալիս, որ արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ այն մեխանիզմի, որ այսօր գործում է»,- նշեց նախարարը` ավելացնելով, որ բարեփոխումներ կլինեն, պարզապես այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչպիսի:

Յուրաքանչյուր օր արդարադատության նախարարության հետ` ներառյալ քրեակատարողական հիմնարկները, առնչվում է 8000 մարդ: Եվ անհարկի ձգձգումները բացառելու նպատակով` Հ.Թովմասյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխություն անել: Եթե որևէ խնդրանքով քաղաքացին դիմում է արդարադատության նախարարին, և եթե հարցի լուծումը կախված է անմիջականորեն նախարարից, ապա երրորդ անգամ դիմելուց և պատասխան չստանալուց հետո նրա խնդրանքը բավարարվում է:

Հրայր Թովմասյանը լրագրողներին «փոքր գաղտնիք» բացեց: Նա պատրաստվում է ունենալ փոքր թիմ, որի անդամները ժամանակ առ ժամանակ այցելելու են արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ծառայություններ որպես սովորական քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ինչ-որ գործարք իրականացնել: Այդ կերպ նախարարը ցանկանում է սովորական քաղաքացու աչքերով տեսնել` որոնք են համակարգում առկա խնդիրները և ըստ այդմ օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Թովմասյանը նշում է նաև, որ նախարարության համակարգում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը` www.hra.am