ԿԳՆ նախարարը ամփոփում է տարին

2010-ը «դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացումների տարի էր»,-դեկտեմբերի 20-ին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ասուլիսը նախարարը համարեց կատարած աշխատանքների մասին հաշվետվություն հասարակությանը։ Ներկայացվեցին ԿԳՆ կողմից կատարված աշխատանքները սկսած նախադպրոցականից մինչև բուհական համակարգ և գիտական ոլորտ։
Հայաստանի համայնքների 2/3-ում չկան նախադպրոցական կրթական հաստատություններ։ Այս տարի կրթության նախարարության և Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շնորհիվ ևս 41 համայնքներում երեխաները հնարավորություն են ստացել հաճախելու նախակրթարաններ։
Եռաստիճան բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթության իրավունքն է իրացնում 27.000 հոգի։
Հինգ կազմակերպություն իրավունք է ստացել անցկացնելու հանրակրթական դպրոցների տնօրենների վերապատրաստման դասընթացներ։ 2011թ. հունվարի 15-ին ԿԳՆ-ում տնօրենները և թեկնածուները քննություն կհանձնեն, և դրական արդյունքի դեպքում կստանան հավաստագիր առ այն, որ կարող են աշխատել որպես դպրոցի տնօրեն։ «Սա իրականում հանրակրթության կառավարման ոլորտում կադրային քաղաքականության տեսակետից հեղափոխական փոփոխություն է»,- ասում է Ա.Աշոտյանը։
Հաջորդ կարևոր փոփոխությունը, ըստ նախարարի, ուսուցիչների ատեստավորման գործընթացն է։ Նախարարի բնորոշմամբ երկար տարիներ մեր ուսուցիչները «համահարթեցման քաղաքականության» սկզբունքով ստանում էին միևնույն աշխատավարձը՝ անկախ աշխատանքային ստաժից, մասնագիտական փորձառությունից ու որակներից։ Ատեստավորումը, ըստ Աշոտյանի, կխրախուսի մասնագիտական կատարելագործումը, և ուսուցիչները կվարձատրվեն ըստ իրենց վաստակի։
ԿԳՆ ուշադրության կենտրոնում շարունակել են մնալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Բարեփոխումները ներառական կրթության ոլորտում շարունակվել են, ավելացել է ներառական դպրոցների թիվը։
Այս տարի մշակվել և հաստատվել է Հայաստանում «Հեռահար կրթության հայեցակարգը», ինչը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կազմակերպել օնլայն կրթություն։
ԿԳՆ ուշադրության կենտրոնում են եղել նաև Ջավախքի, Արցախի և Սփյուռքի հայ աշակերտները և ուսանողները։
Կրթության և գիտության ոլորտին 2010թ. բյուջեով հատկացված է եղել 108 միլիարդ դրամ, 2011-ին գումարը 10 միլիարդով ավելի է։ Թեև ֆինանսական տարին դեռ չի ամփոփվել, բայց նախարարի գնահատականով՝ բյուջեի կատարողականը 95 տոկոսից բարձր է։
2010-ին մեզ չհաջողվեց անել այն ամենը, ինչ մենք ուզում էինք անել։ «Կարող էինք անել ավելին». ես շատ բանից եմ դժգոհ:
Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաև նրա հրաժարականի մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ: Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց պետական պաշտոնյաների որակական չափանիշների մասին: «Ես վստահ եմ, որ բոլոր այն պաշտոնյանները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, պետք է չաշխատեն: Եթե այդ պաշտոնյան կլինեմ ես, ուրեմն ես նույնպես չպետք է աշխատեմ»,- նշեց ԿԳ նախարարը։ Նա չբացառեց, որ իր պաշտոնանկության մասին լուրերը մամուլում կարող են հայտնվել պատվերով, քանի որ իր պաշտոնավարության ընթացքում ինքը հասցրել է «չկամներ» վաստակել։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am