"Ա1+"-ը եթեր չստացավ

Այսօր' դեկտեմբերի տասնվեցին, ՀՌԱՀ-ը հայտարարեց հեռարձակման մրցույթների արդյունքները: "Ա1+"-ը վերստին եթեր վերադառնալու հնարավորություն չստացավ:  ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադեւոսյանից, "Ա1+"-ի փաթեթը գնահատել էին 0, իսկ նրա մրցակցի' "Արմնյուզի" փաթեթը' 6:Արա Թադեւոսյանը երկու փաթեթներն էլ գնահատել էր 2: Քվեարկության արդյունքներով' "Ա1+"-ը հավաքել էր ընդամենը 2, իսկ "Արմնյուզը"-ը' 44 միավոր:

Եթերազրկվեց նաև "ԱԼՄ"-ն' պարտվելով "Երեւան"-ին: "ԱԼՄ"-ն հավաքել էր 32, իսկ "Երեւանը"'40: Տիգրան Կարապետյանը դուրս եկավ դահլիճից:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։

"Ա1 +" հեռուստաընկերությանն աջակցող "ժողովրդական հեռուստատեսություն" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ խորհուրդը ընդունել է հետևյալ հայտարարությունը.

"Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար և թափանցիկ մրցույթներ' արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով "Ա1 +" հեռուստաընկերությանը:

Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը "Ա1+"-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված:

Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը:

"Ա1+"-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ Հոգաբարձուների խորհուրդը իր խորը հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից:

Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի "Մելտեքս" ՍՊԸ ("Ա1+") գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:

Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը' "Ժողովրդական հեռուստատեսություն" ստեղծելու ուղղությամբ", ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր' www.a1plus.am