ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ցույց ընդդեմ ուրանի ծրագրի

Նոյեմբերի 11 ժամը 17:00-ից կապանցիները խաղաղ ցույցի էին դուրս եկել` միաձայն ոչ ասելու տարածաշրջանում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքներին ու հանքի հնարավոր շահագործման: Մեկ ժամից ավելի տեւած հանրահավաքին մասնակցում էր ավելի քան հազար մարդ:
Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում կազմակերպած ցույցին տարածաշրջանի բնակիչներին միանալու էին եկել նաեւ հանրապետության այլ մարզերից ու մայրաքաղաքից: Հանրահավաքը կազմակերվպել էր տեղական 6 կազմակերպությունների` «Խուստուփ» բնապահպանակն հ/կ-ի, «Ազատամարտ» կոմիտեի, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպության, «Հայատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ Սյունիքի մարզային մասնաճյուղի կողմից:
Կազմակերպիչները հանդես եկան միասնական ու վճռական լինելու կոչերով` հայտարարելով, որ պետք է շարունակեն խաղաղ ցույցերն ու սկսած հակաուրանյան շարժումն այնքան ժամանակ, մինչեւ հասնեն ցանկալի արդյունքի:
Ելույթի ժամանակ նրանք հատուկ շեշտեցին, որ հանրհավաքը զուտ բնապահպանական շարժում է եւ քաղաքականացնելու եւ որոշակի շրջանակների պատվերներ կատարելու միտում չի հետապնդում:
Խաղաղ ցույցի ժամանակ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցել ժողովրդին եւ լինել նրանց հետ:
Ցույցի մասնակիցները եկել էին «Առաջ ՈՒրանաստան», «Չեք մարսելու», «Ուրանի շահագործումով 1915թվականին երանի կտաք» եւ այլ պաստառներով եւ ուրանի հետեւանքներից տուժած ռախիտ երեխաների ու կենդանիների լուսանկարներով:
Հավաքված բազմությունը բարձր վանկարկում ու դեմ էր արտահայտվում ուրանի ծրագրին: «Բա իհարկե դեմ ենք, մարդկանց օզնում ըն սաղ-սաղ սպանի՞ն: Իբրեւ քիչ ըք ճառագայթահարված մհենգ ալ ուրանի հանք ըն օզում պենան: Ոչ մի դեպքում, իրանց հուվա թողնում տի պեն անին: Թող կան ստեղ ապրին հետո ասին` ուրանը վնաս չի», - բարկացած ձայնով ասում էր ցույցին մասնակից 60-ամյա մի պապիկ:
Հանրահավաքին մասնակցելու էին եկել նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Սարդարապատ» շարժման ղեկավար ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Զարուհի Փոստանջյանին թեեւ զրկել էին ելույթ ունենալու հնարավորությունից եւ արգելել օգտվել բարձրախոսից, այդուհանդերձ պատգամավորը փորձել է իր ասելիքը բնակիչներին փոխանցել առանց բարձրախոսի: Սակայն բնակիչների բարձր վանկարկումներից ու համառ պահանջներից հետո պատգամավորին ի վերջո թույլատրեցին ելույթ ունենալ, որի ժամանակ պատգամավորը հավաքվածներին կոչ է արել միասնական լինել ու պայքարել ծրագրի դեմ` տեղեկացնելով, որ ուրանի հարցով իրենք դիմել են ՄԱԿ-ի տնտեսակն հանձնաժողովին, որի նախնական որոշումով` Հայաստանի կառավարությունը խախտել է միջազգային նորմերը:
«Հարգելի Սյունեցիներ, սա պայքար է հանուն մեզ, հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Սա պայքար է հանուն մեր ազատագրության: Եթե մենք այսօր թույլ տանք, որ շահագործվի ուրանի հանքավայրը, դա նշանակում է, որ մենք մեր հայ մարդուն հասցնում ենք արտագաղթի` մեր բնօրրանից: Մենք չպետք է սա թույլ տանք, ընդհակառակը, այնպիսի քաղաքականություն պիտի տանենք, որ մեր երեխաները շատանանա մեր բնօրրանում, որ մեր հայրենակիցները, որ 1915թ.-ի ցեղասպանությունից հետո ստիպված են եղել լքել մեր երկիրը եւ պանդուխտ դառնալ, պետք է հետ դառնան իրենց երկիրը եւ ոչ թե դատարկենք մեր երկիրը, իսկ այս ծրագիրը դատարկման ծջագիր է, թուրքական ծրագիր է: ՀՀ կառավարության որոշումը վերաբերում ոչ միայն Սյունիքի մարզին, այլ հանրապետության բոլոր մարզերին: Պետք է համախմբվենք եւ դադարեցնենք կառավարության այս որոշումը», - իր ելույթում նշել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Ելույթով հանդես եկավ նաեւ Տիգրան Խզմալյանը, ով ցույցի մասնակիցներին հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀՀ ընդերքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին:
«Արդյոք զարմանալի չէ, որ հենց Սյունիքում, որ ժամանակին ազատագրել է Գարեգին Նժդեհը, կատարվում է մի բան, որի իրականացնողները երդվում են Նժդեհի անունով, բայց միաժամանակ դատարկում այս հողը», -ասաց կինոռեժիսորը:
Ուրանի ծրագրի դեմ իրենց դժգոհության ու բողոքի ելույթներով հանդես եկան նաեւ հասարակ քաղաքացիներ: Հանրահավաքի վերջում կազմակերպիչները հայտարարեցին, որ այսպիսի հանրահավաքները շարունակական բնույթ են կրելու եւ պետք է պայքարել այնքան ժամանակ, մինչեւ դադարեցվի ուրանի պաշարների որոնողական աշխատանքներն ու չեղյալ հայտարարվեն կառավորության կողմից ընդունված որոշումները:
Աղբյուր՝ http://hetq.am
