ՀՀ փորձագետը ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ

ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի նոր անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կամընտիր արձանագրությունը վավերացրած պետությունները 31 թեկնածուներից ընտրել են 20 անդամ։

Արման Դանիելյանը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ /Հայաստան/ նախագահը, ընտրվել է ենթակոմիտեի անդամ 4 տարի ժամկետով։ Առաջին անգամ ՀՀ փորձագետը ներկայացված կլինի ենթակոմիտեում, ՀՀ-ի կողմից Կամընտիր արձանագրությունը 2006թ.-ին վավերացնելուց հետո։

Ենթակոմիտեն Միացյալ Ազգերի մեխանիզմներից է, որն ուղղված է խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելմանը։ Այն սկսել է իր աշխատանքը 2007թ. փետրվարից։

Ենթակոմիտեն իրավունք ունի մուտք գործել ազատազրկման վայրեր և ուսումնասիրել այնտեղ պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը։

Ենթակոմիտեի անդամների թիվը աճեց՝ 10-ից դառնալով 25, 2009թ.-ի սեպտեմբերին Կամընտիր արձանագրությանը 50-րդ երկրի միանալուց հետո։ Այսպիսով, ենթակոմիտեն դարձել է ՄԱԿ-ի ամենամեծ հանձնաժողովը։

Աղբյուր՝ www.csi.am