ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դ. Ջամալյան. «Իր էթնիկ սահմաններում անկախացած ժողովուրդը տարածք չի զիջում»
Կայսրությունների փլուզման արդյունքում ժողովուրդների անկախացմանը միշտ չէ, որ կայսրական կենտրոնները հեշտությամբ են համակերպվում: Սեփական կայսրության կորստի մարմաջով տարված Ադրբեջանը ոչ մի կերպ չի համակերպվում իրողությանը: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Ըստ նրա` ռուսական, ֆրանսիական, բրիտանական կայսրությունների փլուզումների պատմությունը ցույց է տալիս, որ երբ նրանցից անկախացել է ալյանսը` իր էթնիկ սահմաններով, ապա տարածքային զիջումներ չի արել. վաղ թե ուշ կայսրական կենտրոնը համակերպվել է այդ մտքի հետ: «Պատմական օրինաչափությունների դեմ ուժային պայքարը միմիայն խրախուսում է կենտրոնախույս ձգտումները»,- նշեց Դ. Ջամալյանը` նկատի ունենալով, որ Ադրբեջանն իր ռևանշիզմի քարոզչությամբ դեռ շատ հեռու է համակերպվելուց:
Ռազմական հոգեբանի խոսքով` երբ նժարին է դրվում, թե պատերազմի դեպքում որ կողմից ավելի շատ կորուստներ կլինեն, ակնհայտ է դառնում` միմիայն Ադրբեջանից, քանի որ Հայաստանը շատ ավելի նպաստավոր դիրքերում է: «Մենք մեր ներուժով` բանակով, տնտեսությամբ, պիտի այնքան զորեղ լինենք, որ Ադրբեջանում համոզվեն, որ իրենց ագրեսիվ նկրտումներն այլևս իրականություն դառնալ չեն կարող»,- ասաց նա:
Անդրադառնալով Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարությանը` Դ. Ջամալյանը կարծիք հայտնեց, որ այն առավելագույնն է, որին կողմերը կարող են հանգել առկա պայմաններում: «Ավելիին պատրաստ չենք. տեսանելի հեռանկարում հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման լավատեսական կանխատեսումները ես չեմ կիսում:
Դրա համար պետք է դիրքորոշումների արմատական փոփոխում. Ադրբեջան-Արցախ հակամարտության նկատմամբ պետք է փոխվի ադրբեջանցիների մոտեցումը»,- նշեց նա` հավելելով, որ Ադրբեջանում դեռ միայն հակառակ քարոզչություն է տարվում, օրինակ` վերջերս մի արգելոց կոչել են «Զանգեզուր»: Դ. Ջամալյանի խոսքով` իրականությանը ուղիղ նայելով` ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «տարածքի պահանջ` չգաղութացնելու խոստումով»: «Դա պատմականորեն չտեսնված, մեր պարագայում անհնարին երևույթ է»,-ասաց նա:
Աղբյուր` www.armenpress.am
