Ադրբեջանական կողմը Կարմիր Խաչին է հանձնել Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը

Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հանձնել Ադրբեջանում մահացած Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Նա հավելեց, որ վկայականն, ըստ կարգի, կփոխանցվի Մանվել Սարիբեկյանի հարազատներին:

Կարմիր Խաչի աշխատակիցը նշեց նաեւ, որ ԿԽՄԿ-ն գաղտնիության սկզբունքով շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ եւ այդ երկխոսության մասն է կազմում Մանվել Սարիբեկյանի դիակի հայրենադարձումը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, հոկտեմբերի 5-ին ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:

Հայկական կողմը ուղերձ է հղել ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԱՀԿ-ին՝ պահանջելով, որ հայ փորձագետը եւս մասնակցի Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը:

Աղբյուր` www.news.am