Կոռուպցիոն իրավիճակը մեր երկրում և մեր երկրից դուրս

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13-ին տեղի ունեցած ասուլիս ընթացքում Թրանսփերենսի Ինտերնեյշնլ /ԹԻ/ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները: Նշենք, որ ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը /ԿԸՀ/ դասակարգում է պետությունները/տարածքները' ելնելով նրանից, թե տվյալ պետության հանրային ոլորտը որքանով է ընկալվում որպես կոռումպացված: Աշխարհի 200-ից ավելի պետություններից 178-ը ընդգրկվել են 2010թ-ի հետազոտության մեջ, և յուրաքանչյուր պետությանը տրվել է գնահատական 0-10 սանդղակով, ուր 0-ն բացարձակապես կոռումպացված,  իսկ 10-ը' բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է: Այսպես' ԿԸՀ  աղյուսակում ընդգրկված  178  երկրների մոտ երեք քառորդի համաթվի արժեքները ցածր են 5 միավորից, ինչը մատնանշում է կոռուպցիայի լուրջ հիմնահարց լինելու իրողությունը: 2010թ.-ի ԿԸՀ աղյուսակից երևում է, որ առավել քիչ կոռումպացված երկրներն են Դանիան (9.3), Նոր Զելանդիան (9.3), Սինգապուրը (9.3): Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Սկանդինավյան մյուս երկրները' Շվեդիան (9.2), Նորվեգիան (8.6), Ֆինլանդիան (9.2) ինչպես նաև Նիդերլանդները (8.8), Կանադան (8.9), Շվեյցարիան (8.7), Ավստրալիան (8.7):

Նախկին ԽՍՀՄ երկրներին անդրադառնալով' նշենք, որ 2010թ. Էստոնիան իր ԿԸՀ 6.5 արժեքով դասվել է նախկին խորհրդային հանրապետություններից առավել քիչ կոռումպացված պետության կարգավիճակում: Իսկ ահա Հայաստանի ԿԸՀ արժեքը շարունակում է իր դանդաղ հետընթացը, և 2010թ.- ին 2009թ. համեմատ այն նվազել է ևս 0.1-ով' 2.7-ից իջնելով 2.6-ի:Այսպիսի ցուցանիշով Հայաստանը 2010թ.-ի ԿԸՀ աղյուսակում Էրիտրեայի, Մադագասկարի և Նիգերի հետ կիսում է 123-ից 126-րդ տեղերը:

Դե իսկ պարզաբանելու համար, թե ինչպես են իրականացվում ԿԸՀ հաշվարկները, ապա Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ԿԸՀ-ն հիմնված է 10 անկախ հաստատությունների կողմից անցկացված 13 տարբեր հարցումների վրա, որոնք հիմնված են զարգացած արդյունաբերական, ինչպես նաև զարգացող երկրներում փորձագետների և գործարարների կողմից կոռուպցիոն գործելակերպի ըմբռնման վրա: ԿԸՀ-ի համար աղբյուր են հանդիսացել վերը նշված փորձագետները և գործարարները, որոնք բնակվում են գնահատվող երկրում կամ երկրից դուրս: Սակայն հարկ է նշել, որ տվյալ երկրում մշտապես բնակվող և նրանից դուրս բնակվող փորձագետների տեսակետները զգալիորեն համընկնում են:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուրրը՝ www.hra.am