ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը մտահոգված է ստորգետնյա ջրերի պաշարների նվազմամբ
Երկրում մտահոգված են, որ ձկնաբուծական տնտեսությունների պատճառով գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են զրկվել ջրից:
Գալուստ Նանյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 562
15-ը հոկտեմբերի, 2010թ.
Հայաստանի կառավարությունը մտահոգված է երկրի ամենամեծ' Արարատյան դաշտավայրում քաղցրահամ ջրերի օգտագործման ծավալներով, քանի որ դրանց պաշարները վտանգված են զարգացող ձկնարդյունաբերության պատճառով:
Արարատյան հարթավայրում գործող 234 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում, այն դեպքում, երբ երկրի ամենամեծ' Սևանա լճից ոռոգման նպատակներով տարեկան թույլատրվում է օգտագործել ընդամենը 170 մլն խմ ջուր:
Որպես դեպի համաշխարհային օվկիանոս ելք չունեցող երկիր' Հայաստանում ջրային պաշարները միայն քաղցրահամ ջրերն են: Երկրի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները, ըստ վիճակագրական տվյալների, կազմում են 2,4 մլրդ խմ, որից 66%-ը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում։ Այս խնդրով անհանգստացած տեղական բնակչությունը պնդում է, որ ձկնաբուծական տնտեսությունները կարող են ստորգետնյա ջրերի աղտոտման պատճառ դառնալ և զրկել գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգման ջրից:
Գյուղացիների մի զգալի մասն էլ զրկվել է իրենց հողակտորները ոռոգելու հնարավորությունից, քանի որ արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող աղբյուրները, որ շատ գյուղական բնակավայրերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել և ցամաքել են:
Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ հարթավայրի ցածրադիր հատվածներում ձկնաբուծական տնտեսությունների համար հորված աղբյուրները, որոնք հորատվում են նախկինում հորատված 100-110 մետր նիշից 150 և ավելի մետր խորությունից, խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը։
«Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, և դա խնդիր է: Արարատյան դաշտավայրի ջուրը միայն ձկնարդյունաբերության համար չէ, նաև խմելու և ոռոգման համար է: Պետք է լուծում գտնենք, որ մեր ջրի պաշարներն անխնա չօգտագործվեն, և փաստի առաջ չկանգնենք», - ասում է խնդիրը քննելու համար ստեղծված կառավարական հատուկ հանձնաժողովի նախագահ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հանձնաժողովը պարզել է, որ Արարատի մարզում 87 ձկնարդյունաբերական ձեռնարկություններից միայն 27-ի տարածքներն են ջրային նշանակության, մնացածը՝ արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության են: Արմավիրի մարզի 147 ձեռնարկություններից և ոչ մեկի տարածքը ջրային նշանակության չէ:
Ո´չ Արարատի, ո´չ Արմավիրի մարզերի ձկնարդյունաբերական ձեռնարկություններում ջրաչափեր չկան, 234 տնտեսությունից 109-ում ջրահեռացման վայրերը չեն համապատասխանում ջրթույլտվությունում նշված վայրերին, տնտեսություններում չկան ջրակորուստների կրճատման և ջրի արդյունավետ օգտագործման ծրագրեր:
Մասնագետները նշում են, որ ջուրը պարզապես չարաշահվում է, քանի որ որոշակի ծախսերի դեպքում հնարավոր է նույն ջուրը շրջանառությամբ հինգ անգամ օգտագործել: Բայց ձկնաբույծներն այն մի անգամ են օգտագործում, և արդեն օգտագործված ջուրը, որ կարող էր ոռոգման համար կիրառվել, անտեղի լցվում է Արաքս կամ արհեստական ջրանցքներ։
ՀՀ Ջրային պետական կոմիտեի «Մելորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վովա Թադևոսյանի խոսքերով' ներկայում Արարատյան հարթավայրը անապատանում է. «Դրենաժները, որ սնվում են և՛ անձրևաջրերից, և՛ ընդերքի ջրերից, ցամաքում են, հատկապես այն հատվածում, որտեղ խիտ են ձկնաբուծարանները»:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը, տրամադրելով խորքային հորեր փորելու թույլտվություն, բավարար հսկողություն չի սահմանում ջրի օգտագործման համար, ինչի հետևանքով ջուրն օգտագործվում է անխնա ու որոշ աղբյուրներ ցամաքում են:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Սանասար Բաղդասարյանն ասում է, որ դեռևս 2007-ին Արմավիրի մարզպետի կարգադրությամբ կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ ձկնաբուծական նպատակով խորքային հորերի հորատումը իրականացվում է տարերայնորեն:
«Հորատումն իրականացվում է առանց հիմնավորված հաշվարկների, այդ իսկ պատճառով առանձին համայնքներում (Գայ, Լուսագյուղ, Գրիբոյեդով և Ջրառատ) 500-10 000 քմ մակերեսի վրա հորատվել են 4-7 հորեր։ Հորերի հորատումը և հետագա շահագործումը չի վերահսկվում», - ասում է Բաղդասարյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը (չցանկացավ ներկայանալ) անգամ նշում է, որ հորատման ու ջրօգտագործման թույլտվությունները ժամանակին անկանոն են տրամադրվել.
«Տարիներ առաջ մենք ջրօգտագործման թույլտվությունները անխնա բաժանեցինք: Մենք այսօր անգամ չգիտենք ջրի ազգային պաշարը [չափը], որը վերջին անգամ հաշվառվել է 20-25 տարի առաջ, ինչը ցավալի է: Մենք լավ չենք վերաբերվում մեր ջրային պաշարներին»:
Նախարարության տրամադրած ջրօգտագործման թույլտվությունների շնորհիվ ստորգետնյա ջրերի օգտագործման ծավալները երկրի տարածքում զգալիորեն ավելացել են:
1984 թվականին Հայաստանի Պետական պաշարների կոմիտեն որոշում էր կայացրել, որ երկրի ընդերքից օգտագործման նպատակով ջրային պաշարներից կարելի է վերցնել ընդամենը 1 մլրդ 250 մլն խմ ջուր օգտագործելու համար: Սակայն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով ընդերքից օգտագործվում է 2 մլրդ 750 մլն խմ ջուր:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը այս տվյալների վերաբերյալ IWPR-ին որևէ մեկնաբանություն չտվեց, սակայն այս խնդիրը սկսում է անհանգստացնել հասարակությանը:
Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում վերջին տարիներին 90 մետր խորության աղբյուրը ցամաքել է:
Ըստ Հայանիստի բնակիչների' իրենք ձկնարդյունաբերողների' արդյունաբերական նպատակով աղբյուրներ հորատելու դեմ որևէ բան չեն կարող անել: Գյուղում 1990-ի սկզբին հաշվառված է եղել 80 աղբյուր, որից այսօր ընդամենը 19-ն է ջուր արտամղում:
«Եթե մի 20 մետր էլ խորքից ջուրը հանեին համ ջուրը կլիներ որակով, համ էլ աղբյուրը շուտ չէր ցամաքի: Սակայն, ինչ արեցին' փողերը կերան [նախկին գյուղապետը համայնքի միջոցները], վերջին տարիներին մեր թաղամասի մոտակայքում ստեղծվեցին ձկնարդյունաբերական տնտեսություններ, որտեղ հորատված աղբյուրները ջուրը քաշեցին տարան», - ասում է Ռուբիկը (ազգանունը չի ուզում նշել):
«Բասեիններ բացողները հարուստներ են և մեկ արտեզյանի փոխարեն բացել են 4 արտեզյան, և ինչ էլ որ անենք, մեկ է' հաղթողը իրենք են լինելու», - ասում է գյուղացիներից մեկը:
Արտեզյան ջրերի ճնշման անկման խնդիրն է բախվել նաև Հայանիստի հարևան Հովտաշատ համայնքը, որտեղ մինչև 90-ականները 98 աղբյուր կար: 90-ականներին գյուղը 98 հորատանցքերից վայրկյանում 4,5 խմ ջուր էր ստանում, մինչդեռ հիմա ջրի ծավալները նվազել են' հասնելով վայրկյանում 2,5 խմ-ի: Ավելին' 98 աղբյուրներից ավելի քան 40-ն արդեն ցամաքել են։
«Ձկնաբուծարանների տերերը անխնա օգտագործում են ստորերկրյա ջրերը, որոնց հետադարձերը լցվում են դրենաժային համակարգ, ինչի հետևանքով հողերը գերխոնավացել և աղակալում են: Մյուս կողմից, անխնա օգտագործման հետևանքով' ընդերքի ջուրը պակասել է, և որոշ ինքնաշատրվանող աղբյուրներ արդեն ցամաքել են», - ասում է Հովտաշատ համայնքի ղեկավար Սիմոն Անդրեասյանը։
Գալուստ Նանյանն ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
