Հայաստանյան ութ ՀԿ-ներ նամակ են ուղարկել միջազգային կազմակերպություններին

Միջազգային մի շարք կազմակերպություններին, այդ թվում նաև ոչ կառավարական, հայաստանյան ութ հասարակական կազմակերպություններ նամակ են հղել, որում իրենց հիասթափությունն են հայտնում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հերթական այցի հետաձգման կապակցությամբ: Նամակում մասնավորապես, ասվում է. 

«Մենք, ներքոստորագրյալ ՀՀ հասարակական կազմակերպություններս մեր խոր հիասթափությունն ու տարակուսանքն են հայտնում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք, դեռ ս.թ. հունիսի 22-ին Հանձնաժողովի կողմից արտոնված այցի հերթական հետաձգման կապակցությամբ: 

Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կոպտորեն խախտում են Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես շարունակում են ակնհայտորեն անտեսել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին չորս բանաձևերի հիմնական պահանջները, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ ցուցաբերել անընդունելի փափկություն:

Հանդուրժելով համազեկուցողների այցն իրականացնելու դիմումի մերժումը ՀՀ իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է միմիայն 2008 թ-ի նախագահական ընտրություններից ի վեր կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու վերջիններիս ձգտումով, Հանձնաժողովը փաստորեն դառնում է խաղալիք ՀՀ իշխանությունների ձեռքերում և նպաստում է նրանց անպատժելիության խորացմանը:

Ավելին, համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները և այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել Մոնիտորինգի ընթացակարգի իմաստավորվածության և Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: 

Համարելով անընդունելի ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը' մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը»:

Նամակն ուղղվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային «Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը, «Հյուման ռայթս ուոթչ» կազմակերպությանը: 

Նամակի տակ ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն, Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ-ն:

http://www.panorama.am