ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահացել է իրավապաշտպան Արշալույս Հակոբյանը

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով իրավապաշտպանի մահվան լուրը' Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց, որ Արշալույս Հակոբյանի մահվան պատճառները առայժմ հայտնի չեն եւ կպարզվեն առաջիկա երկու օրվա ընթացքում' դիահերձման արդյունքում:
Երեւանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրություններից հետո Արշալույս Հակոբյանը ձերբակալվել էր, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Իրավապաշտպանների պնդմամբ' բերման ենթարկելիս եւ ոստիկանությունում Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել:
Հոկտեմբերի 16-ին դատախազի միջնորդությամբ իրավապաշտպանի խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ նրան դատարանից ազատ էին արձակել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Փետրվարին Հակոբյանը դատարանի կողմից արդարացվել էր:
Azatutyun.am
