ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվեցին կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Հուլիսի 20-ին Երևանում ներկայացվեցին ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատությունից զրկված անձանց պայմանների ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունը իրականացրել է 2009թ. Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Դիտորդների խումբը այցելել է բոլոր կարգապահական մեկուսարանները և կարգապահական գումարտակը և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պայմանները և նրանց հանդեպ վարվելակերպը: Խումμը նաև ուսումնասիրել է համապատասխան օրենսդրությունը և առաջարկել մի շարք բարեփոխումներ:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ, մեկուսարանների պայմաններն էապես տարբերվում էին։ Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ վերջին տարիներին ընթանում են մեկուսարանների վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, այցելած 11 մեկուսարաններից 7-ը վերանորոգված էին։ Վերանորոգված մեկուսարաններում պահպանված են ընդհանուր չափանիշները և ապահովված են միանման կենսապայմաններ։ Դրանց սանիտարահիգիենիկ պայմանները կարելի է գնահատել բավարար։ Մինչդեռ այն մեկուսարանները, որոնք դեռևս չեն վերանորոգվել, բավական ծանր սանիտարահիգիենիկ վիճակում էին։ Հատկապես հարկ է նշել Վեդիում, Գյումրիում ե էջմիածնում տեղակայված մեկուսարանները, որտեղ նույնիսկ վերանորոգման արդյունքում հնարավորություն չի լինի ընդունելի պայմաններ ապահովելու ազատությունից զրկվածների համար։
Դիտարկումների արդյունքում բացահայտվեցին մի շարք համակարգային խնդիրներ կապված մեկուսացման ձևով կարգապահական տույժերի կիրառման պրակտիկայի հետ։ Դրանք հիմնականում վերաբերվում էին մեկուսացում կարգապահական տույժի կիրառման թույլատրելիությանը զինվորական ծառայողների անձնական ազատության իրավունքի համատեքստում, առանց (պատշաճ) քննության կարգապահական տույժերի կիրառման օրինականությանը, մեկուսացում կարգապահական տույժի լայն կիրառությանը անկախ զանցանքի ծանրությունից ե մեղքի աստիճանից, մեկուսացման ձևով կարգապահական տույժի կիրառման դեպքում հնարավոր առավելագույն ժամկետների սահմանմանը, նույն զանցանքի համար տույժի տարատեսակ միջոցների կիրառման բազմազանությանը։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեկուսացման ձևով կարգապահական տույժի նշանակման կարգը նախատեսված կարգապահական կանոնադրությամբ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Նորմատիվ իրավական կարգավորման այս մակարդակը չի ապահովում Հայաստանում մեկուսացման ձևով տույժ նշանակելիս պարտադիր համարվող միջազգային չափորոշիչների և սահմանադրական երաշխիքների գործնական իրականացումը ՀՀ-ում առկա հիմնախնդրի լուծման նպատակով, որպես հնարավոր կարգավորում, կարելի է քննարկել մեկուսացման ձևով տույժի ենթարկման հետևյալ կարգը. հրամանատարի որոշմամբ կարող է կիրառվել մեկուսացում մինչև 3 օր ժամկետով, իսկ երեք օրից ավելի ժամկետով մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ։ Իհարկե, նման կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ Սահմանադրության 16-րդ հոդվածին տարածական մեկնաբանություն տա և «հանցագործության համար դատապարտում» արտահայտությունը հասկացվի նան դատարանի կողմից այլ զանցանքների համար «դատապարտում», այնպես, ինչպես դա մեկնաբանվում է Եվրոպական կոնվենցիայով։
Մյուս կողմից, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործնականում չի պահպանվում անգամ ներկայիս տույժ սահմանելու չափազանց անկատար համարվող կարգը։ Մասնավորապես, պարզվեց, որ քննություն գործնականում չի իրականացվում այն դեպքում, երբ կարգապահական կանոնադրության համաձայն հրամանատարը (պետը) պարտավոր է անցկացնել քննություն և հենց դրա ընթացքում պարզել, թե կատարվել է արդյոք զանցանք, երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է, մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել են մի քանի անձինք, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները։ Քննություն իրականացնելը օրենսդրության պահանջ է, քննության բացակայությունը խախտում է անմեղության կանխավարկածը և կարող է հանգեցնել հրամանատարի կողմից անհիմն տույժերի, սխալ որոշումների կայացմանն ու մեծացնել զանցանքին ոչ համապատասխան պատիժներ նշանակելու և նույնիսկ անմեղ զինծառայողներին պատժելու հավանականությունը։
Ինչ վերաբերվում է կարգապահական գումարտակին, ապա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարգապահական գումարտակի առնչությամբ կարևորագույն խնդիրներից է մնում շենքային պայմանների բարելավման հարցը։ Միաժամանակ, պետք է արձանագրել, որ կարգապահական գումարտակում պահման պայմանների և պատժի կրման կարգի վերաբերյալ իրավական կարգավորումը առավել բարվոք է։ Իրավական խնդիրներից թերևս կարելի է առանձնացնել երկու խնդիր։
Առաջինը՝ անձնական հիգիենայի պարագաներից գումարտակում դատապարտյալներին միայն օճառ է տրամադրվում: Երկրորդը՝ օրենսդրությունը կարգապահական գումարտակում գտնվող դատապարտյալների համար չի նախատեսում երկարաժամկետ տեսակցություն։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարգապահական մեկուսարաններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա, կարգապահական տույժի ենթարկված անձանց, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև կալանքի ձևով պատժի ենթարկվածների պահելու պայմանները, նաև կարգապահական գումարտակում պատժի կրման պայմանների բարելավելու նպատակով առաջարկվել է.
Սահմանել կարգապահական տույժի ենթարկված անձանց, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև կալանքի և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի ենթարկվածներին պահելու միասնական պայմաններ, որոնք պետք է բավարարեն Եվրոպական բանտային կանոններով նախատեսված նվազագույն չափանիշները, մասնավորապես.
- Մեկուսացման ձևով կարգապահական տույժի ենթարկված բոլոր զինծառայողներին ապահովել անկողնային պարագաներով։
- Վերացնել օրենսդրության մեջ նախատեսված և խտրական բնույթ կրող այն նորմը, որն արգելում է զինվորներին ծխել մեկուսացման ընթացքում ի տարբերություն ենթասպաների։
- Ապահովել Բանտային կանոններով նախատեսված շաբաթական նվազագույնը 2 անգամ լոգանք ընդունելու հնարավորությունը։
- Խցերում ապահովել հարմարավետ նստատեղեր, որոնք տեղակայված կլինեն սեղաններին մոտ։
- Բացառել incommunicado պայմաններում անձանց պահելու հնարավորությունը։ Ստեղծել հարազատների հետ նամակագրություն հաստատելու,
- հեռախոսազանգեր կատարելու և տեսակցություններ ունենալու, այդ թվում արտաքին աշխարհից լուրեր, տեղեկություններ ստանալու հնարավորություն։
- Օդափոխության ապահովման նպատակով ապահովել ազատությունից զրկվածների կողմից խցերի պատուհանները ինքնուրույն բացելու հնարավորություն։
- Մշակել մշտական խմելու ջրով ապահովելու այնպիսի մեխանիզմ, որը կբացառի ջրի նոր բաժին ստանալու համար աշխատակազմին դիմելը։
- Զբոսահրապարակներում տեղադրել նստարաններ, որոնց վրա տեղադրված կլինի նաև տեղումներից պաշտպանող ծածկ։
- Մշակել սանհանգույցից օգտվելու այնպիսի մեխանիզմ, որը ազատությունից զարկվածին հնարավորություն տա անարգել օգտվելու դրանից։ Օրինակ մեկուսացված սանհանգույցներ տեղադրել խցերում, ինչպես դա արված է քրեակատարողական համակարգում։
- Բացառել սննդի պատրաստումը մեկուսարաններում, քանի դեռ սննդի պատրաստման հատուկ պայմաններ և պարագաներ ստեղծված չեն, իսկ սննդի պատրաստման և տրամադրման պայմանները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սննդի ապահովմանդ ներկայացվող սանիտարական և հիգիենիկ կանոններին և նորմատիվներին։
- Գազաֆիկացնել մեկուսարանները, ինչը հնարավորություն կտա արդյունավետորեն ջեռուցելու հաստատությունները ապահովելով նորմատիվային ջերմաստիճան։ Դա նաև հնարավորության կտա էականորեն խնայելու պետության ֆինանսական ռեսուրսները։
- Հատկացնել ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շինություն՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով ազատազրկվածներին պահելու համար:
- Օրենսդրությամբ նախատեսել երկարաժամկետ տեսակցություն կարգապահական գումարտակում գտնվող դատապարտյալների համար, որը կնպաստի ընտանիքի հետ կապի պահպանմանը և դրական կանդրադառնա ազատազրկվածի բարոյահոգեբանական վիճակի վրա:
- Կարգապահական գումարտակում պահվող ազատազրկվածներին ապահովել սանիտարահիգիենիկ պարագաներով, ինչպես դա արվում է քրեակատարողական հիմնարկներում:
Միաժամանակ, կարգապահական տույժի կիրառման պրակտիկան բարելավվելու և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք.
1. Չկիրառել մեկուսացման ձևով կարգապահական տույժն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրությամբ չեն ստեղծվել Սահմանադրության 16-րդ հոդվածին չհակասող իրավական հիմքեր և մեխանիզմներ։
2. Կարգապահական տույժի կիրառման պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին։ Այն է մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ։
3. Մշակել հատուկ ընթացակարգ, որը կսահմանի մեկուսացում կարգապահական տույժի կիրառման հարցի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև այն երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն այդ գործերի քննության ընթացքում։
4. Հստակ առանձնացնել այն զանցանքների ցանկը, որոնց կատարման դեպքում զինծառայողը կարող է ենթարկվել մեկուսացման ձևով կարգապահական տույժի։ Ապահովել այդ զանցանքների քննության ընթացքում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեական գործերի քննությանը վերաբերող պահանջների, չափանիշների պահպանումը, այդ թվում անկախ դատարանի կողմից գործի քննություն, կողմերի հավասարության ապահովում, պաշտպանության պատրաստման համար բավարար ժամանակի և հնարավորությունների տրամադրում։
5. Մեկուսացման ձևով պատասխանատվություն չնախատեսող զանցանքների քննությունն իրականացնել գործող կարգին համապատասխան երաշխավորելով քննության փաստացի իրականացումը։
6. Կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում, որում պետք է նշվեն զանցանքի փաստական կողմը, տույժի կիրառման իրավական հիմքերը, ընտրված տույժի տեսակի վերաբերյալ հիմնավորումները, իսկ մեկուսարանում պահելու ձևով տույժի ընտրման դեպքում նաև պատճառաբանություններ առ այն, թե ինչու է այլ տույժի միջոցների կիրառումը համարվում անարդյունավետ։ Պատճառաբանված որոշումը պետք է պարունակի նշում բողոքարկման կարգի վերաբերյալ, իսկ որոշման պատճենը պետք է տրամադրվի տույժի ենթարկվածին։
7. Միասնականացնել կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան և բացառել տույժի միջոցի ընտրման կամայական դրսևորումները։
8. Մշակել կարգապահական տույժ կիրառելու մասին որոշման բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող ընթացակարգ։
Զեկույցը ամբողջությամբ կարելի է գտնել հետևյալ հասցեով.
Disciplinary cells_report.pdf (Հայերեն, pdf, 550kB)
