Մենք չենք աջակցում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին

«Քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է, ես ինքս եմ նրանց այցելել բանտերում, հանդիպել նրանց ընտանիքներին։ Թե քանիսն են՝ հստակ չեմ կարող ասել, բայց նրանք գոյություն ունեն։ Ե՛վ հանրապետության նախագահի, և՛ ընդդիմության առաջնորդ Տեր Պետրոսյանի հետ մեր հանդիպումների նպատակը քաղաքական բանտարկյալների խնդիրն էր»,- ասել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը:

FIDH-ի նախագահը նշել է, որ ՀԱԿ-ի՝ ապրիլի 6-ի հանրահավաքին միանալը և հարթակից ելույթ ունենալը նույնպես այդ նպատակն ուներ․ «Հանրահավաքին միացանք ոչ թե նրա համար, որ դա ընդդիմության կազմակերպածն էր, այլ որովհետև քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հանրահավաքի առանցքային թեման էր։

«Նպատակահարմար գտանք դիմել ոչ թե քաղաքական ուժին, ոչ թե իշխանություններին, այլ այնտեղ գտնվող ժողովրդին։ Մենք ցանկանում էինք այդ մասով մեր աջակցությունը հայտնել հավաքվածներին։ Մենք չենք աջակցում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին, մենք այստեղ ենք մարդու իրավունքների պաշտպանության համար»,-շեշտել է Սուեր Բելասենը։